Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական The Telegraph-ի լրագրող Ռոլանդ Օլիֆանթին:
The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Աշխարհի մի մասն ասում է, որ Վլադիմիր Պուտինը պետք է ձերբակալվի ռազմական հանցագործությունների համար։ Դուք դա անելու պարտավորություն ունեք։ Եթե նա գա Հայաստան՝ Հայաստանի ոստիկանությունը նրան կձերբակալի՞ և ուղարկի Հաագա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես Ձեզ մի այսպիսի գաղտնիք բացեմ. 2018 թվականից հետո Հայաստանում շատ լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ են սկսվել, և ես որոշումներ չեմ կայացնում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն: Հայաստանում իրավակարգ կա հաստատված, կան իրավական ինստիտուտներ, և բոլոր դեպքերում Հայաստանի իրավական ինստիտուտներն են կայացնում որոշումներ: Դրա համար մենք ունենք Դատախազություն, դրա համար մենք ունենք դատարաններ, դրա համար մենք ունենք Քննչական կոմիտե և այդպես շարունակ։ Շատ կարևոր է, որ նաև Արևելյան գործընկերության անդամ լինելով՝ Հայաստանի Հանրապետությունն առանձնանում է հատկապես անկախ դատական համակարգ ունենալու ինստիտուցիոնալ բարեփոխումների տրամաբանության մեջ։ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, Հայաստանի Հանրապետությունում վարչապետն ունի իր լիազորությունները։ Այդ լիազորությունների մեջ երբեք ոչ մի պայմաններում և որևէ պարագայում չի մտնում հարցի լուծումը` այս մարդուն պետք է ձերբակալել, թե պետք չէ ձերբակալել։ Բոլորը լուծվում են իրավական ընթացակարգերով։
The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Ես հասկանում եմ, ես նկատի ունեմ, որ դա Ձեզ կարող է դնել որոշակի անհարմար իրավիճակի մեջ։ Հնարավո՞ր է, որ Դուք ուղղակի զանգահարեք Վլադիմիր Պուտինին և ասեք, որ նա ուղղակի չգա, քանի որ Դուք չեք կարող երաշխավորել, որ նա չի ձերբակալվի։ Սա բավականին անհարմար իրավիճակ է, այդպես չէ՞։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես չեմ կարծում թե Վլադիմիր Վլադիմիրին իմ խորհուրդների կարիքն ունի։
The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ – Դուք ասում եք, որ ձեր նոր համագործակցությունն Արևմուտքի հետ որևէ կերպ ուղղված չէ ընդդեմ Ռուսաստանի, որ Ռուսաստանն այդ մասով անհանգստանալու կարիք չունի, որ դուք ուղղակի բազմազանացնում եք ձեր անվտանգային միջավայրը։ Հիմա ես մեջբերում եմ մի անանուն աղբյուրի՝ ենթադրաբար բարձրաստիճան ռուսաստանցի պաշտոնյայի մեկնաբանությունը տրված հոկտեմբերին՝ ՏԱՍՍ գործակալությանը։ «Մենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 17-ի ելույթը Եվրոպական խորհրդարանում համարում ենք բացարձակապես անպատասխանատու և սադրիչ, մասնավորապես այն մասով, որը վերաբերել է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանը փորձում վերածվել 3-րդ Ուկրաինայի։ Փաշինյանը քվանտային թռիչքով գնում է Վոլոդիմիր Զելենսկիի ճանապարհով»: Եթե ես լինեի Ձեր տեղը, ես բավականին անհանգստացած կլինեի Ռուսաստանից հնչող նման հռետորաբանությունից, հաշվի առնելով այն, թե ինչ է անում Ռուսաստանն Ուկրաինայում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ընդհանրապես, ես սիրում եմ մեջբերումները մեկնաբանել այն բանից հետո, երբ ինքս կկարդամ, ամենայն հարգանքով, երրորդ աղբյուրից, համենայնդեպս իմ քաղաքական փորձը դա է ցույց տվել։ Բայց, ընդհանուր առմամբ, շարունակելով նախորդ հարցը, հետևյալը կասեմ, որ մենք, ինչպես և ակնհայտորեն ասել եմ Եվրոպական խորհրդարանում իմ ունեցած ելույթում՝ մենք համագործակցում ենք Եվրամիության, Եվրամիության հետ մեր հարաբերությունները խորանում են։
Իմիջիայլոց, ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր փաստի վրա, որ մեր տարածաշրջանում վերջին ամիսներին շատ էական իրադարձություն է տեղի ունեցել և այդ էական իրադարձությունն անկախ վերաբերմունքից և քաղաքական գնահատականներից, որովհետև կարող է տարբեր լինել վերաբերմունքը և քաղաքական գնահատականը, բայց մեր անմիջական հարևան և բարեկամ Վրաստանը դարձել է Եվրամիության անդամության թեկնածու։ Ըստ էության, կարծում եմ, որ Հայաստանի համար շատ կարևոր և էական է դիրքավորվել այդ իրադարձության շուրջ։ Իհարկե, ես առիթ եմ ունեցել Վրաստանի իմ գործընկերոջը և Վրաստանին, Վրաստանի ժողովրդին շնորհավորել այդ կարևոր իրադարձության առիթով։ Կարծում եմ, որ դա մի իրադարձություն է, որ անխուսափելիորեն նաև ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի ընդհանուր պատկերի և մթնոլորտի վրա։ Հայաստանի Հանրապետությունը և մեր կառավարությունը պիտի դիրքավորվի այդ իրադարձության նկատմամբ։ Կարող եմ մի բան ասել, և թերևս իմ ասածից ակնհայտ է` եթե ես Վրաստանին և Վրաստանի կառավարությանն ու ժողովրդին շնորհավորել եմ այդ առիթով, ակնհայտ է, որ ես դա համարում եմ դրական իրադարձություն։ Հակառակ դեպքում ի՞նչ իմաստ կունենար շնորհավորելը։