ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նա ընդգծել է, որ Հայաստան-Իրան հարաբերություններն ունեն բազմադարյա պատմություն՝ հիմնված փոխադարձ վստահության, հարգանքի և անկեղծ բարեկամության վրա:
Գրիգորյանը ողջունել է իրանական ընկերությունների հետաքրքրվածությունն ու գործնական ներգրավվածությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերը կյանքի կոչելու գործում:
«Իրանը մեզ համար կարևոր գործընկեր է, որի հետ ունեցած բարեկամական և կառուցողական հարաբերությունները ոչ միայն բարիք են ստեղծում մեր ժողովուրդների համար, այլև լրջագույն գործոն են ողջ տարածաշրջանում կայունություն ու զարգացում ապահովելու համար»,–ասել է նա:
Գրիգորյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում Իրանի բարձրագույն ղեկավարության հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ:
ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ևս ելույթ է ունեցել, ընդգծելով, որ Իրանի համար հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումը դարձրել է իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ եղել է տարածաշրջանային խնդիրների ու ճգնաժամերի լուծման մաս: Այս զգայուն պահին իմ երկիրը կշարունակի ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: ԻԻՀ-ը պաշտպանում է կայուն խաղաղությունը տարածաշրջանում»,–ասել է նա:
Իրանի դեսպանն ընդգծել է, որ ԻԻՀ տեսակետն այն է, որ ցանկացած խաղաղություն պետք է իր մեջ ներառի հարգանք երկրների ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անփոփոխության նկատմամբ:
Հավելենք, որ հաջորդ շաբաթ Թեհրանում կայանալու է Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստը։