Այսօր նշվում է կաթվածի դեմ պայքարի միջազգային օրը. ո՞վ է ավելի խոցելի` կինը, թե տղամարդը

Նոյեմբերի 29-ին աշխարհի ավելի քան 40 երկրներ նշում են կաթվածի (ինսուլտի) դեմ պայքարի միջազգային օրը:

Կաթվածը դեպի գլխուղեղի որևէ հատված արյան հոսքի ընդհատման հետևանքով գլխուղեղի այդ հատվածի բջիջների վնասումն է։ Սովորաբար կաթվածի պատճառ հանդիսանում է գլխուղեղի անոթների խցանումը կամ նրանց պատի վնասումը: Կաթվածը կարող է զարգանալ շատ արագ կամ աստիճանաբար։

Ներկայումս կաթվածը հանդիսանում է բարձր մահացություն և հաշմանդամություն բերող վտանգավոր հիվանդություններից մեկը: Զարգացող և զարգացած երկրների ընդհանուր մահացության կառուցվածքում կաթվածը զբաղեցնում է 3-րդ տեղը` սիրտ-անոթային և օնկոլոգիական հիվանդություններից հետո: Աշխարհում ամեն տարի կաթվածից մահանում է 5 միլիոն մարդ, իսկ 15 միլիոն մարդ՝ տանում են առաջնային կամ կրկնակի կաթված:

Զարգացող երկրներում գրանցված մահերի 2/3-րդի պատճառը կաթվածն է: Աշխորոշումից հետո՝ հետագա ամիսների ընթացքում մահանում է հիվանդներից յուրաքանչյուր 3-րդը: Կաթվածից կենդանի մնացածների 50% դառնում են անաշխատունակ շարժողական, սենսոր և կոգնիտիվ դեֆիցիտի պատճառով, և միայն կենդանի մնացածների 10-20%-ն են պահպանում առօրյա ակտիվություն:

Ի դեպ, կաթվածն առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ, քան կանանց: Սակայն, մահացության տեսանկյունից խոցելի են կանայք, քանի որ, ըստ վիճակագրության, բոլոր տարիքային խմբերում կանանց մահացության թիվը գերազանցում է տղամարդկանց թվին: Հղիությունը և ծննդաբերությունը կանանց համար կայանում են սպեցիֆիկ ռիսկային գործոններ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսմամբ կաթվածից մահացածների թիվը 2030թ. կհասնի 7-8 միլիոնի: Հայաստանի Հանրապետությունում կաթվածի էպիդեմիոլոգիական պատկերը անմխիթար է: Ընդհանուր մահացության պատճառների երկրորդ տեղը զբաղեցնում է կաթվածը:

Կաթվածի դեպքում վտանգի որոշ գործոններ, ինչպիսիք են տուժածի տարիքը, սեռը կամ ժառանգական նախատրամադրվածությունը, շաքարախտը կամ սրտի ախտահարումները, հնարավոր չէ վերահսկել։ Այնուամենայնիվ կարելի է վերահսկել այլ վտանգի գործոններ, ինչպիսիք են բարձր ճնշումը, որը մեծացնում է զարկերակների վնասվելու հավանականությունը, ծխելը, կենդանական ճարպերի և խոլեստերինի չարաշահումը, շարժումների և մարզումների սակավությունը, սթրեսները։ Ուստի կանխարգելեք հիվանդության առաջացումը՝ վերհսկելով նշված վտանգավոր գործոնները:

Հանրային թղթակից՝ Սոնա Հարությունյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել