Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ քննարկելու վերջինիս 2023 թ. գործունեության հաշվետվությունը։
Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին:
Զեկուցվել է, որ 2022 թ.-ի դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Ներքին գործերի նախարարություն ձևավորելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ միգրացիոն գործընթացների կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ ներքին գործերի նախարարությանը, իսկ 2022 թ. դեկտեմբերի 16-ի «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Միգրացիոն ծառայությունն անվանափոխվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության:
Միաժամանակ, Կառավարության 2023 թ. հունվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի N 580-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ 17-Ա որոշման համաձայն՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը սահմանվել է՝ որպես Ներքին գործերի նախարարությանը ենթակա մարմին:
Կառուցվածքային բարեփոխումների նպատակը միգրացիոն շղթայի միասնական և արդյունավետ կառավարումն է, սոցիալական գործառույթների փոխանցումը (նոր ճանաչված փախստականների ինտեգրում, ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրում) ՀՀ ԱՍՀՆ, փոխադրումը ՆԳՆ կազմ՝ հաշվի առնելով ծառայությունների և գործընթացների անվտանգային բաղադրիչը, ինչպես նաև ուժային տրամաբանությունից անցում կատարելը դեպի քաղաքացիակենտրոն ծառայությունների մատուցում։
Հաստատվել է նաև ՄՔԾ նոր կառուցվածքն ու կանոնադրությունը։ Ծառայության կառուցվածքը ներառում է 6 վարչություններ և 47 տարածքային ստորաբաժանումներ։ Օպտիմալացման արդյունքում 63 տարածքային ստորաբաժանումները կդառնան 47:
Նշվել է, որ կառուցվածքային բարեփոխումների համատեքստում նպատակ է դրվել տարածքային անձնագրային ծառայությունները վերածելու Ծառայության տարածքային ստորաբաժանումների, որտեղ կմատուցվեն ոչ միայն անձնագրային, այլ Ծառայության գործառույթների տիրույթում այլ ծառայություններ՝ կացության կարգավիճակների դիմումների ընդունում, ապաստանի հայցերի ընդունում, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների ընդունում և այլն։ Այս մոտեցումը հնարավորություն կտա քաղաքացիներին և օտարերկրացիներին ծառայություններից ավելի ճկուն տարբերակով օգտվելու և վերացնելու նշված դիմումները ներկայացնելու համար պարտադիր Երևանի գլխամասային գրասենյակ մոտենալու անհրաժեշտությունը։ Այս մոտեցումը հնարավորություն կտա նաև թոթափելու ծանրաբեռնված հերթերը, որոնք թեպետ էլեկտրոնային եղանակով են ամրագրվում, սակայն ձգվում են ամիսներ։
Օպտիմալացման հիմքում դրվել են մի շարք չափորոշիչներ՝ տարածքային ստորաբաժանումների բաշխվածությունը, աշխարհագրությունը, սպասարկման ծածկույթը՝ ըստ բնակչության թվի, կառավարման արդյունավետությունը:
Վարչապետ Փաշինյանն՝ ըստ ներկայացված քարտեզի, անդրադարձել է ՄՔԾ տարածքային ստորաբաժանումների օպտիմալացմանը և նշել. «Սա մեր օպտիմալացման քարտեզն է։ Կարմիր կետերն օպտիմալացվում են, կապույտ կետերը պահպանվում են։ Եվ սա ինչի՞ է կարևոր, որովհետև շատ շահարկումներ կան հիմա էլ կապված այս պրոցեսի հետ։ Երբ Մեղրիի դատարանն էր օպտիմալացվում, քաղաքական շահարկումների տեղիք էր տալիս, հիմա էլ մեր որոշ գործընկերներ նույնն անում են Վարդենիսի հետ կապված։ Հիմա ես ուզում եմ այս քարտեզը բոլորը տեսնեն։ Վայք, Արարատ, Նոր Հաճըն, այսինքն` մենք ունենք Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզում, Գեղարքունիքի մարզում, գործնականում բոլոր տեղերում ունենք օպտիմալացում, Երևան քաղաքում էլ, և ես՝ ինչպես Արդարադատության նախարարությունում դատարանի դեպքում ասացի, որ չի կարելի այդ շահարկումների հետևանքով մեր բարեփոխումների գործընթացները կանգնեցնել։ ՆԳ նախարարի հետ այս թեմայով քննարկում ենք ունեցել և գիտեմ՝ գաղափար կա, որ այս օպտիմալացման պրոցեսում և մինչև թվայնացման գործընթացների մեկնարկը եթե տեսնենք՝ իրոք խնդրահարույց պահեր կան, որոշակի գրաֆիկով շրջիկ գրասենյակներ կունենանք մեր բոլոր մարզերում կամ համայնքներում: Արդեն դա աշխատանքի կազմակերպման հարց է, որպեսզի հասանելի լինի, բայց ընդհանուր առմամբ, մեր ռազմավարական պատկերացումը վերաբերում է թվայնացմանը։ Ընդհանրապես, մարդն ինչի՞ պիտի այսպիսի գործառնությունների համար հերթ կանգնի, իր տնից, կամ իր աշխատավայրից պետք է կարողանա գործընթացն իրականացնել։ Եվ նաև այս ծրագիրը մենք ինչո՞ւ ենք իրականացնում, սա վկայությունն է, որ նախ հավատում ենք և վճռական ենք, որ պետք է թվայնացումն իրականացնենք։ Հետդարձի ճանապարհ չկա, և մենք պետք է գնանք ու անպայման այս գործառույթն իրականացնենք»։
ՄՔԾ ծառայողների շրջանում իրականացվել է վերապատրաստում՝ պաշտոնի նշանակման նպատակով։ Վերապատրաստումը բաղկացած է եղել 2՝ թեստավորման և բանավոր հարցազրույցի փուլերից։ Առաջին փուլն իրականացվել է 2023 թվականի մայիսի 22-ից մինչև նոյեմբերի 6-ը։ Վերապատրաստմանը մասնակցել է 505 աշխատակից, որոնցից 470-ը մասնակցել է բանավոր հարցազրույցին, նվազագույն շեմը չեն հաղթահարել 51 անձ։
Անդրադարձ է կատարվել Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ընդհանրապես թվայնացման գործընթացին: «Թղթային վիճակներից դուրս գալու մեր պլանը ո՞րն է: ՄՔԾ արխիվի թվայնացման հարցը մեր օրակարգում կա և պետք է ծրագիր գրվի։ Իսկ արդեն մտե՞լ ենք ինչ-որ մրցույթի, նախագծման փուլ»,- հետաքրքրվել է Նիկոլ Փաշինյանը:
ՄՔԾ պետ Արմեն Ղազարյանը նշել է, որ այժմ միջազգային փորձագետների հետ աշխատում են թվայնացման ծրագրի, մասնավորապես, ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ: «Այսինքն` ինչ ունենք, ինչ պիտի ստանանք, այդ ենք գծում հիմա միջազգային փորձագետների հետ մեկտեղ, և կներկայացնենք թվայնացման խորհուրդ: Նաև Միգրացիայի միջազգային կազմակերպության գործընկերներն են ներգրավված այս պրոցեսում։ ԵՄ-ի ծրագրի շրջանակներում ունենք քաղաքացիության վարչարարական գործընթացի թվայնացումը»։
2023թ․ ընթացքում իրականացված աշխատանքների շարքում նշվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման, ինչպես նաև փաստաթղթավորման գործընթացի կազմակերպման աշխատանքները։ 2023թ․ սեպտեմբերի 19-ից ԼՂ-ից տեղահանված անձանց հաշվառման գործընթացը կազմակերպելու նպատակով ՄՔԾ խումբը Գորիսում իրականացրել է տեղանքի ուսումնասիրություն, Կոռնիձորում, Գորիսում, Վայքում, Վարդենիսում հիմնվել են Բնակչության պետական ռեգիստրին համակցված հաշվառման կայաններ, ապահովվել է հաշվառման ծրագրի հասանելիություն հումանիտար կենտրոններում, իրականացվել է աշխատակազմերի վերապատրաստում, կամավորական ուժերի հավաքագրում և վերապատրաստում։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ԼՂ-ից տեղահանված անձանց փաստաթղթավորումն իրականացնելու ուղղությամբ։ Մասնավորապես, առկա պահանջարկը բավարարելու նպատակով սահմանվել է վեցօրյա աշխատանքային ռեժիմ, ՀՀ բոլոր անձնագրային ստորաբաժանումներում քաղաքացիության դիմումների ընդունում։ Ընդ որում, ԼՂ-ից տեղահանված անձանց սպասարկումն իրականացվում է արտահերթ՝ առանց էլեկտրոնային հերթագրման պահանջի։
Տեղեկացվել է, որ մեկնարկել են աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման թվայնացված գործընթացի նմանությամբ այլ հիմքերով կացության կարգավիճակների տրամադրման գործընթացների թվայնացնմանն ուղղված աշխատանքները, կատարվել են աշխատանքներ նաև work.permit.am հարթակի, ինչպես նաև ապաստանի էլեկտրոնային համակարգի վերլուծության և կատարելագործման ուղղությամբ։
Օրենսդրական բարեփոխումների համատեքստում նշվել է, որ 2023թ.-ին աշխատանքներ են տարվել միջազգային պաշտպանության տրամադրման իրավական հիմքի՝ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի լրամշակման ուղղությամբ։ Օրենքի նախագիծն արդեն պատրաստ է և առաջիկայում կներկայացվի շահագրգիռ մարմինների քննարկմանը։
Հաշվետու ժամանակաշրջանում ուսումնասիրվել են քաղաքացիություն չունեցող անձանց թվի աճի պատճառները, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերանայել օրենսդրությունը՝ ՔՉԱ թիվը նվազեցնելու նպատակով։ Արդյունքում՝ մշակվել է «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագիծ, որը կկանոնակարգի նաև ՔՉԱ-ի կարգավիճակի որոշման ընթացակարգը։
2023թ.-ին գործարկվել է նաև migration.e-gov.am հարթակը: Այն քաղաքացիներին հնարավորություն է տալիս առցանց տարբերակով ստանալու մի շարք տեղեկանքներ, մասնավորապես, հաշվառման հասցեի վերաբերյալ, հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ՝ ինչպես քաղաքացու, այնպես էլ իր անչափահաս զավակների համար, անձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ:
Կայքի միջոցով իրականացվում է նաև առցանց հերթագրում Երևանի անձնագրային ծառայություններում սպասարկվելու համար: Ըստ պատասխանատուների, այսպիսով նվազել է հերթերով պայմանավորված ծանրաբեռնվածությունը Միգրացիայի և քաղաքացիության տարածքային ստորաբաժանումներում, հերթերը տեղափոխվել են էլեկտրոնային տիրույթ: Առաջիկայում migration.e-gov.am կայքում թվայնացված ծառայությունները կընդլայնվեն։
2024 թվականի հունվարի մեկից հանվել է նաև օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության նշումը (ելքի կնիք)։ Աշխատանքները միտված են նրան, որպեսզի քաղաքացիները մի քանի տարին մեկ անգամ անհրաժեշտություն ունենան այցելել անձնագրային ծառայություններ:
Որպես ոլորտի երկարաժամկետ լուծում նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ամբողջությամբ կենսաչափական համակարգին անցնելու քաղաքականություն։ Նախատեսվում է ներդնել կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգ՝ Պետություն-մասնավոր գործընկերություն ձևաչափով, որի նպատակն է բարձրացնել անվտանգ և միջազգային չափանիշներին համապատասխանող փաստաթղթերի գործածումն ու շրջանառությունը, փոխարինել հնացած ՏՏ ենթակառուցվածքը՝ բարելավվելով գործընթացի անվտանգությունը և արդյունավետությունը, բարելավել քաղաքացիների սպասարկման որակը, այդ թվում՝ սպասարկման ֆիզիկական պայմանների տեսանկյունից։
Սպասարկման և հաղորդակցության որակի բարձրացման նպատակով նախատեսվում է ներդնել որակի վերահսկման գործուն մեխանիզմներ։ Այս առումով, նախատեսվում է նաև ստեղծել զանգերի կենտրոն, ներդնել տեսաձայնագրման տեխնիկա ՄՔԾ բոլոր ստորաբաժանումներում։
Անդրադառնալով անձնագրային ծառայություններում իրականացվող բարեփոխումներին՝ վարչապետը հետաքրքրվել է. «Ասվեց, որ մեր խնդիրն է, որպեսզի քաղաքացին մի քանի տարի մի անգամ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանում այցելելու անհրաժեշտություն ունենա։ Հիմա, մենք ի՞նչպես ենք սա իրագործելու և արդեն իսկ պատրաստ ճանապարհային քարտեզ ունե՞նք, թե չունենք»։
ՄՔԾ պետ Արմեն Ղազարյանը նշել է, որ այդ հարցին մոտենում են երկու փուլով: «Առաջինը՝ միջնաժամկետ լուծումներ, որոնք մենք տալիս ենք։ Մասնավորապես, օրինակ, ելքի կնիքի վերացում, որոշակի տեղեկանքներ, եթե դեռ շարունակում է դրանց անհրաժեշտությունը լինել, փորձում ենք սարքել թվային, որ մարդը չգա մեզ մոտ։ Օրինակ՝ հաշվառման տեղեկանքը, հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ տեղեկանքը և շատ կիրառական է, կա անձնագրային պատմության մասին տեղեկանք։ Որոշ դեսպանատներ պահանջում են այդ տեսակ տեղեկանքը։ Անձի նույնականացման պարագայում մեր հարթակում անձը կարող է ստանալ և դրա համար ինքը ծառայություն այցելելու անհրաժեշտություն չունի։ Սա առաջին խումբն է, սակայն մեր գործառնությունների ճնշող մեծամասնությունն անձնագրի և նույնականացման քարտի տրամադրումն է, front office-ի իմաստով։ Այստեղ երկարաժամկետ լուծումն արդեն պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում մասնավորի արտապատվիրակման հատվածն է»։
Քննարկվել է նաև Բնակչության պետական ռեգիստրի բարեփոխման հարցը՝ ինչպես տրամաբանության և գաղափարական տեսանկյունից, այնպես էլ կառուցվածքի և ծրագրային ապահովման: Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է. «Մեր թվայնացման պրոցեսները պետք է այնպես կոնսոլիդացնենք և կառավարենք, որ երբ մարդը գործունեություն կատարեց՝ Բնակչության պետական ռեգիստրում դառնա բազային տվյալ, որ այս մարդն այս պահին Հայաստանում է: Այդ ծրագիրը պիտի ճանաչի, որ մենք այս մարդուն անձնագիր ենք տվել, բայց ինքն այլևս չի երևում, մեր ռադարների վրա ինքը չի եղել։ Այսինքն` մարդը մուտք գործեց՝ թվայնացված համակարգը պիտի այդ ազդակը տա, որ սա այլևս անձնագրի տվյալ չէ, սա արդեն մարդու տվյալ է: Երբ թվային որևէ պլատֆորմում իր հետ կապված գործողություն եղավ, այդ ազդակը պետք է գա, որովհետև այս գործողության բերումով որոշ ժամանակ հետո անձնագրերի շտեմարանը կդառնա բնակչության շտեմարան»։