Սկեսրայրս, լինելով ազնիվ և պարկեշտ մարդ, այսօր հավասարեցվել է հանցագործների և զրկվել ազատությունից. Լուսինե Թովմասյան

Այսօր շատերդ լսած կլինեք Աշոտ Հովհաննիսյանի` երեխաներիս 71-ամյա պապիկի կալանավորման մասին: Այս մասին Instagram-ի իր էջում գրել է դերասանուհի, հաղորդավարուհի, «Վիցե Միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը։

«Սկեսրայրս, լինելով ազնիվ և պարկեշտ մարդ, հայրենասեր ու նվիրված հայ, այսօր հավասարեցվել է հանցագործների և զրկվել ազատությունից: Մարդ, ում տարիների ներդրումն IT ոլորտի զարգացման ու կայացման գործում իսկապես շատ մեծ է, ով ճանաչված և հարգված է ինչպես այդ, այնպես էլ այլ ոլորըներում որպես ազնիվ և կոռուպցիայի դեմ պայքարող գործարար, հնարավորություն չունի անգամ գործի քննությանը սպասել իր ընտանիքի կողքին:

Այսօր նրան կալանավորել են հապշտապ, առանց լուրջ հիմքերի: Եվ դա արվում է իր հայրենիքում, որի զարգացման ու կայացման համար նա տարիներ շարունակ պայքարում է:

Պակաս զարհուրելի չէ նաև այն, որ նույն կերպ` մեկ օրում և առանց լուրջ հիմքերի կալանավորվել են ևս երկու աշխատակցուհի: Այս դեպքում էլ հաշվի չի առնվել նրանց` անչափահաս երեխաներ ունենալու փաստը»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարարությանն առնչվող առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով այսօր 2 ամսով կալանավորվել է «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ փաստական տվյալներ են ստացվել, որ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են ծառայողական լիազորությունները և «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» մրցույթի ընթացքում ընկերություններից մեկի հաղթանակն ապահովելու համար, մյուսին համարել են պայմաններին չհամապատասխանող ու հեռացրել: Ըստ քննչական կոմիտեի՝ հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավելի՝ 392 մլն դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել