Յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է ունենալ ուժեղ և մարտունակ բանակ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ հայտնեց՝ որն է հայկական բանակն ուժեղացնելու իր բանաձևը։
«Եթե դու ուժեղ և մարտունակ բանակ ունես՝ լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ մեկ քեզ չի կարող ասել՝ ինչու ես դու քո բանակն ուժեղացնում:
Իսկ եթե մենք բանակն ուժեղացնելու խնդիրը ձևակերպում ենք հետևյալ կերպ, որ մենք ուժեղացնում ենք, որպեսզի օրինակ՝ վերականգնենք պատմական արդարությունը, շատ պարզ մի հարց է ծագում՝ իսկ ինչու՞ ուրիշները պետք է թույլ տան, որ այդ բանակն ուժեղանա, որ, պայմանական ասած, պատմական արդարության հարց լուծի»,- ասել է վարչապետը՝ նշելով, որ դա խելամիտ չէ։
Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ոչ թե Ադրբեջանի, այլ մեր մյուս հարևանների տեսանկյունից նայել այն հարցին, թե ինչ է նշանակում «Անկախության հռչակագրում» արձանագրված պատմական արդարության վերականգնումը։
« Ինքներս մեզ հարց տանք, թե ինչու, օրինակ, Վրաստանը պաշտպանական խորը հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, իսկ մեր երկրի հետ՝ ոչ»,- հավելել է նա։