ԱԱԾ պահեստազորի սպաների միությունից հայտնում են․
«Շատերին է հայտնի 1960-ականների վերջին արված այս լուսանկարը, որտեղ պատկերված են խորհրդային անլեգալ հետախուզության լեգենդները։ Ձախից առաջինը Աշոտ Աբգարի Հակոբյանն է (նույն ինքը՝ Հովհաննես Սարաջյան, Եփրատ, Արտյոմ), մեջտեղինը՝ Կոնոն Տրոֆիմովիչ Մոլոդին (նույն ինքը՝ Գորդոն Լոնսդեյլ, Բեն), վերջինը՝ Վիլյամ Հենրիխովիչ Ֆիշերը (նույն ինքը՝ Ռուդոլֆ Իվանովիչ Աբել, «Մարկ»)։
1948-ից Վիլյամ Ֆիշերը (1903 – 1971) հետախուզական գործունեություն էր ծավալում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 1957 թվին ձերբակալվեց տեղի հակահետախուզության կողմից, դատապարտվեց 32 տարվա ազատազրկման։ 1962-ին Խորհրդային Միությունը նրան փոխանակեց ամերիկյան հետախուզական ինքնաթիռի օդաչու Հարրի Պաուերսի ու ամերիկյան ուսանող, տնտեսագետ Ֆրեդերիկ Փրայերի հետ։
Կոնոն Մոլոդին (1903 – 1971) 1955 թվից գործում էր Մեծ Բրիտանիայում, 1961թ․ ձերբակալվել է այդ երկրի հակահետախուզության կողմից, դատապարտվել 25 տարվա ազատազրկման։ 1964-ին նրան փոխանակել են անգլիացի լրտես Գրևիլ Վիննի հետ։
Մոլոդին ու Աբելը լայն ճանաչում գտան բացահայտվելուց հետո, իսկ ահա գնդապետ Հակոբյանն (1915 – 1981) իր 20-ամյա վիրտուոզ հետախուզական գործունեության ժամանակ այդպես էլ մնաց չբացահայտված։ Նրա ծառայությունների մասին այսօր էլ չի բարձրաձայնվում, քանզի առկա է գերգաղտնիության գործոնը, սակայն դա նրան չի խանգարում լինել խորհրդային անլեգալ հետախուզության ականավոր դեմքերից մեկը։ Փորձեք նրանից ներկայացնել այն սակավը, որը ենթակա է հրապարակման։
Աշոտ Աբգարի Հակոբյանը ծնվել է 1915թ. դեկտեմբերի 31-ին, Ռուսական կայսրության Բաքվի նահանգի վարչական կենտրոնում։ Արմատներով սերում է Լեռնային Ղարաբաղից (Ասկերանի շրջան, գյուղ Հարավ): Բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալուց հետո ծառայության է անցել Հայկական ԽՍՀ պետանվտանգության կառույցում։ Սկզբնական շրջանում տևական են եղել նրա արտասահմանյան գործուղումները (Մերձավոր Արևելքի երկրներ, Ռումինիա), գործունեությունը՝ լեգալ։
Ա․ Հակոբյանը լեզուների բացառիկ իմացության տեր է եղել, մայրենիից ու ռուսերենից զատ ազատ տիրապետել է ֆրանսերենին, իտալերենին, թուրքերենին, արաբերենին, ռումիներենին, բուլղարենենին: Դրանցից արաբերենի փայլուն իմացությունը մասնավորապես պայմանավորված էր նրանով, որ տարիներ շարունակ անցկացրել է մերձավորարևելյան երկրներից մեկում, Լիբանանի քաղաքացի Հովհաննես Սարաջյանի անվան տակ, զբաղվել գորգի առևտրով։
1936 թվականից արդեն արտասահմանում էր, Արտերկրում խորհրդային ունեցվածքի գլխավոր վարչության աշխատակցի քողի տակ։ Մինչև 1940թ․ տևական գործուղումն ամուսնացել էր Կիրա Վիկտորովնա Չերտենկոյի (օպերատիվ ծածկանունը՝ «Տանյա») հետ՝ նույնպես ՆԳԺԿ աշխատակից։ Ունեին երկու դուստր, որոնց մեկ էլ հանդիպել են 19 տարի անց, երբ վերադարձան հայրենիք:
1945 թվականին, պատերազմից հետո, գործուղվել է Մոսկվա, անցել Պետանվտանգության ժողովրդական կոմիսարիատի առաջին գլխավոր վարչության տրամադրություն տակ, որտեղից էլ մեկ տարի անց Հովհաննես Սարաջյանի փաստաթղթերով մեկնել է Ռումինիա, գործել օպերատիվ «Եփրատ» ծածկանունով։ 1949 թվականին նրան է միացել և կինը։ Նրանց կրկնակի ամուսնությունը վավերացվել է ռումինական եկեղեցիներից մեկում։ Կիրա Վիկտորովնան նույնպես ներգրավվել է օպերատիվ աշխատանքում, եղել է անլեգալ հետախույզ։
Ֆրանսիական անձնագրեր ձեռք բերած Սարաջյան ընտանեկան զույգը 1949թ. Ռումինիայից մեկնում է Շվեյցարիա, այնտեղից էլ՝ Իտալիա: «Արտյոմ», «Եփրատ» ծածկանուններով հանդես եկող Ա․ Հակոբյանը 1949 – 1959թթ․ Իտալիայում ղեկավարել է Առաջին գլխավոր վարչության ռեզիդենցիան, գործակալական ամբողջ ցանց հիմնել երկրի ներքին գործերի նախարարությունում: Գործակալներից մեկի գլխավոր հաջողությունն այն էր, որ Իտալիայի արտգործնախարարության անվտանգության ծառայության գլխավոր տնօրենի չհրկիզվող պահարանից հանվեցին գաղտնի փաստաթղթերը։
1953-ին նախապես պլանավորված էր, որ նոր լեգեալ ռեզիդենտուրա հիմնելու համար Ա․ Հակոբյանը կնոջ հետ գործուղվելու է Իրան, սակայն ընթացքում որոշումը փոխվեց և ամուսնական զույգը մի քանի ամսով հայտնվեց Կահիրեում։ Այստեղ նրանց իրականացրած գաղտնի առաքելությունը նույնպես չի բացահայտված։
1954 թվականին Հակոբյան-Սարաջյանները վերադառնում են Հռոմ, ակտիվ ծառայությունը շարունակում մինչև 1959 թիվը, մինչև հայրենիք վերադառնալը։
Բազմաթիվ մարտական մեդալների, պարգևատրումների հուշանվերների արժանացած գնդապետ Աշոտ Աբգարի Հակոբյանը մահկանացուն կնքել է 1981 թվին, 66 տարեկան հասակում։ Նա կնոջ հետ հուղարկավորված է Մոսկվայի հայկական գերեզմանոցում։
2007 թվականին ԽՍՀՄ պետական անվտանգության մարմինների 90-ամյակի առթիվ թողարկվել է «Լեգենդար հետախույզներ» հավաքածոն։ Այն կազմածների մեջ են խորհրդային անլեգալ հինգ ականավոր հետախույզների՝ Աշոտ Հակոբյանի, Վիլյամ Ֆիշերի, Կոնոն Մոլոդիի, Վլադիմիր Բարկովսկու, Կիմ Ֆիլբիի պատկերով մեդալները։
Ի հավերժացումն հայ ժողովրդի փառապանծ զավակների, 2014 թվականին Հայաստանի փոստատունը նամականիշներ է թողարկել՝ նվիրված ականավոր հետախույզներ Գևորգ Վարդանյանին, Յակով Դավթյանին, Իվան Աղայանցին, Հայկ Հովակիմյանին ու Աշոտ Հակոբյանին։ Ի դեպ այս շարքից միայն վերջինն էր, որ մինչ այսօր տեղ չէր գտել մեր «Անտեսանելի ճակատի մարտիկները» ֆեյսբուքյան էջում։ Սույն հրապարակմամբ փաստորեն ամբողջացրեցինք և այս շարքը։
Ծառայակիցների շրջանում մի առիթով դիմելով փառքով պարուրված իր մտերմիկ ընկերներ Ռուդոլֆ Աբել-Վիլյամ Ֆիշերին ու Կոնոն Մոլոդիին՝ Աշոտ Հակոբյանը կատակել է․ «Ի՞նչ է, պիտի անպայման ես է՞լ բանտ ընկնեի, որ Եփրատին էլ ողջ երկիրը ճանաչեր»։ Ի դեպ ոսկե եռյակին միավորում է և այն, որ երեքն էլ մահացել են սրտի կաթվածից՝ հետախույզների պրոֆեսիոնալ հիվանդությունից՝ չէ՞ որ առաջին հարվածը սիրտն է ընդունում։
Հ. Գ. Հունվարի 30-ին էր, որ մենք անդրադարձանք լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի ծառայությունները ոմն Ասադովի վերագրելու ադրբեջանական պրոպագանդայի կեղծարարություններին: Հուսանք, որ նույնը չեն համարձակվի անել մեր այս մյուս պատվարժան հայորդու՝ Աշոտ Հակոբյանի հետ կապված»: