Վարչապետին է ներկայացվել ՊՎԾ 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հունվարի 31-ին քննարկվել է Պետական վերահսկողական ծառայության 2023 թվականի գործունեության հաշվետվությունը:

ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին:

Մասնավորապես, ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել 2023 թվականին պետաիրավական, տնտեսական, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, սոցիալական, գնումների գործընթացների, ստուգումների իրականացման, ռիսկերի գնահատման և վերլուծության, ինչպես նաև իրավական ապահովման և օրինականության ոլորտներում իրականացված 40  ուսումնասիրությունների (2022թ.՝ 39) և 216 մշտադիտարկումների (2022թ.՝ 201) արդյունքների վերաբերյալ: 

Վերոնշյալի համատեքստում առանձին անդրադարձ է կատարվել գերատեսչություններում և պետական մասնաբաժին ունեցող կառույցներում իրականացված ուսումնասիրություններին և մի շարք մշտադիտարկումներին:   

Նշվել է, որ ծառայության կողմից վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում 2023-ին նախաձեռնվել է 90 քրեական վարույթ (2022թ.՝ 77): Զեկուցվել է նաև, որ արձանագրված առերևույթ խախտումների/անհամապատասխանությունների գծով վերականգնվել է շուրջ 1.1 մլրդ դրամ (2022թ.՝ շուրջ 135 մլն դրամ): 

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել վերականգնվող միջոցների համար  պետական համակարգի կողմից ծախսվող ժամանակին և դրանց համապատասխան գումարների ծախսմանը: Վարչապետ Փաշինյանը նշել է. «Այստեղ ձևակերպման խնդիրն է. մեր խնդիրն ի սկզբանե եղել է 1000 դրամ վերականգնելը, թե մեր խնդիրը եղել է, օրինակ, վերահսկողություն իրականացնելը, և այդ ընթացքում 1000 դրամ է վերականգնվել կամ 400: Տեսականորեն, իմ ընկալմամբ՝ դեպք կա, որ 1000 դրամ վերականգնելն այնքան սկզբունքային է, որ դրա համար կարելի է 50 000 դրամ կամ նույնիսկ 1 մլն դրամ ծախսել, որովհետև դա կախված է կոնտեքստից: Օրինակ՝ ՊԵԿ-ի գործառույթների հետ կապված կրկին այդպիսի հարց է ծագում: Ես ասում եմ, լսեք, հարգելի գործընկերներ, երկրում 3000 POS տերմինալ կա, որով 0 գործարք է կատարվել: ՊԵԿ-ի արձանագանքն ի՞նչ է. ասում է՝ այդ 3000 POS տերմինալը գյուղերում դրած, լավ, դրանով աշխատեր, ինչքա՞ն շրջանառություն էր լինելու: Թող մի 100 մլն դրամի շրջանառություն լիներ, այդ 100 մլն դրամի շրջանառությունից 6 մլն դրամ հարկ գեներացվեր: Ես ասում եմ՝ ոչ, սա այդ դեպքը չէ, որովհետև դա նախ մարդու իրավունքն է, որ պետք է ապահովենք, կենսաթոշակառուի, որ կարող է անկանխիկ առևտուր անել և երկրորդը՝ դա օրենքի կատարման խնդիր է: 

Մենք քանակական ցուցանիշներից պետք է անցում կատարենք որակական ցուցանիշներին, և պրոբլեմները վեր հանենք ու լուծումներ առաջարկենք, կամ պարտադիր չէ, որ ՊՎԾ-ն ունենա բոլոր հարցերի լուծումները, կարող է ասել, որ այս խնդիրը կա, քաղաքականություն մշակող մարմին կամ իրականացնող՝ տեսեք, ինչպես   եք լուծում, բայց այս պրոբլեմը կա: Այդ գործելակերպը, իմ կարծիքով, ավելի ճիշտ է, քան ուղղակի թվային տրամաբանության մեջ մնալը»:  

Ծառայության կողմից իրականացված վերահսկողական գործառույթների արդյունքում  ներկայացվել են 41 օրենսդրական փոփոխությունների («Ֆինանսական համահարթեցման մասին» օրենք, «Էներգետիկայի մասի» օրենք, «Գնումների մասին» օրենք և այլն), ինչպես նաև 83 այլ բնույթի առաջարկություններ՝ արձանագրված բացթողումները վերացնելու, անճշտությունները շտկելու վերաբերյալ, պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ ծառայողական քննություններ անցկացնելու, պատասխանատվության միջոցներ կիրառելու մասով  և այլն: 

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է իրականացված ծրագրերի նկատմամբ վերահսկողությանը և նշել. «Հաջորդ խնդիրը վերաբերում է նորից ոչ թե քանակական, այլ ավելի շատ որակական վերահսկողությանն ավտոճանապարհների հետ կապված, որովհետև հիմա էլ մենք ճանապարհներ ենք կառուցում, կառուցվել է 500 կմ ճանապարհ: Լավ, կառուցել ենք, բայց 3 տարի հետո այդ ճանապարհի վիճակը համապատասխանո՞ւմ է մեր ունեցած որակական ստանդարտին, թե ոչ: Ես հանձնարարում եմ, որ ՊՎԾ-ն կոնկրետ այս թեմայով ուսումնասիրություն իրականացնի, ընդ որում՝ ոչ միայն փաստաթղթային, այլ գնալ, ոնց որ սահմանված կարգն է, հանույթը վերցնել: Թե չէ, ճանապարհը կառուցեցինք, բայց ենթադրենք ինքը սկսում է քայքայվել շատ արագ ու հետո, նորից մենք պատասխան չունենք, չգիտենք, թե ինչն է պատճառը, որովհետև այս տարի եղանակը լավ չէր, բեռնափոխադրումն է շատացել, ծանր բեռնատարներն են շատացել, որի մեջ լեգիտիմ բան պիտի լինի: Այդտեղ ստանդարտի հարց էլ կա: Իմիջիայլոց, ասեմ՝ մենք տնտեսության արդիականացման ծրագրով, որ խթանում ենք տեխնիկայի ներմուծումը, հիմա այն չափի ինքնագնաց սովորական մեքենաներ կան, որ երբեք Հայաստանում չեն եղել, բայց այդտեղ էլ պետք է հասկանանք՝ մեր ճանապարհների ստանդարտներն այս տրամաբանության համար համապատասխանեցրե՞լ ենք, թե չենք համապատասխանացրել: Եվ այստեղ ես ակնկալում եմ, որ պատասխաններ ունենանք»

Զեկուցվել է, որ 2023-ին քաղաքացիներից ստացվել է 638 հանրագիր (2022թ.՝ 589)՝ արձանագրելով, որ 638 հանրագրերի շուրջ 47%-ը ստացվել է իրավաբանական անձանցից, շուրջ 46%-ը քաղաքացիներից, իսկ շուրջ 7%-ը՝ փաստաբաններից:  

Նշվել է նաև, որ 2023-ի ընթացքում ծառայության կողմից պետական գերատեսչություններում քաղաքացիների կողմից 2022 թվականին տվյալ մարմիններին ուղղված դիմում-բողոքների, «Թեժ գիծ» ծառայության և քաղաքացիների ընդունելության գործառույթի իրականացման նկատմամբ վերահսկողության շրջանակներում արձանագրվել են մի շարք խախտումներ/անհամապատասխանություններ: 

Ներկայացվել են նաև կոռուպցիայի դեմ պայքարի ՀՀ ռազմավարական և միջազգային ծրագրերում (ԳՐԵԿՈ, ՕԼԱՖ) ծառայության ներգրավվածության հիմնական ուղղությունները՝ կարևորելով ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի ապահովման նկատմամբ վերահսկողությունը: Վերոգրյալի շրջանակներում՝ փաստվել է նաև, որ 2023 թվականի դեկտեմբերից Ծառայությունը հանդիսանում է Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի (ԽՊԵԳ, ՕԼԱՖ) գործընկեր պետական կառույց:

Զեկուցվել է, որ «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է պետական բյուջեի կատարման նկատմամբ ֆինանսաբյուջետային հսկողության գործառույթի՝ ծառայությանը վերապահելու Վարչապետի հանձնարարականի ապահովմամբ, ինչպես նաև շուրջ 6 տարվա գործունեության ընթացքում ի հայտ եկած համակարգային խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել