Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվամբ փոխելու վերաբերյալ նախագիծը։
««Հայրենագիտություն» և «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառների շրջանակում հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը և կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները, իսկ ՀՊՉ 35-րդ կետում՝ որպես պարտադիր առարկա, ներկայացված է «Հայոց պատմություն» առարկան։
«Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելով «Հայաստանի պատմություն» անվամբ` վերանում է ՀՊՉ-ի 33-րդ և 35-րդ կետերի սահմանումներում առկա անհամապատասխանությունը։ Արդյունքում ավելի հստակ է դառնում առարկայի անվանումը, որի շրջանակներում ուսումնասիրվելու են հայկական պետականության և հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած իրադարձությունները»,-նշվում է հիմնավորման մեջ:
Նախարարությունը նշել է նաև, որ տարբեր երկրներում տվյալ երկրի պատմության ուսուցանմանը նվիրված առարկան կոչվում է այդ երկրի պատմություն, օրինակ՝ Ֆրանսիայում դպրոցներում ուսուցանում են Ֆրանսիայի պատմություն, ոչ թե ֆրանսիացների, Լեհաստանում՝ Լեհաստանի պատմություն և այդպես շարունակ։
«Առարկան անվանելով տվյալ երկրի պատմություն՝ ցուցաբերվում է ինստիտուցիոնալ մոտեցում տվյալ առարկայի միջոցով պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը, պատմությունը ներկայացվում է այդ երկրի՝ իբրև հավաքական և կազմակերպված հանրության հանդես գալու պատմություն։ Ուշագրավ է, որ այս պարագայում էլ պետության չգոյության ժամանակահատվածների ներկայացումը էապես տարբերվում է մեթոդաբանական մոտեցման տեսանկյունից՝ ի ցույց դնելով պետության գոյության կարևորությունը և սովորողների մոտ ձևավորելով սեփական երկրի շահերի իմացության և դրանց պաշտպանության անհրաժեշտ դիրքորոշումն ու արժեքները։ Մինչդեռ հայոց պատմություն անվանումը, որն ըստ էության հղում է առաջին հերթին մարդկանց պատմությանը, հնարավոր է դարձնում այդ պատմությունը նաև առանց պետության և պետականության՝ այսպիսով չնպաստելով հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը։
Կատարվող փոփոխությունն իրականացվել է մի քանի երկրների փորձն ուսումնասիրելու արդյունքում: Մասնավորապես, Հնդկաստանի, Բրիտանիայի, Իտալիայի, Չինաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Սաուդյան Արաբիայի պատմությունը ներկայացվում տվյալ երկրի անվամբ առարկայի շրջանակներում»,-նշվում է հիմնավորման մեջ: