Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ հունվարի 22-ին, տեղի ունեցավ Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանի և նրա ընտանիքի անդամների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի և դրամական միջոցների բռնագանձման գործով դատական նիստը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի հենց սկզբում դատավորը հայտնեց, որ նիստը հետաձգելու միջնորդություն է ներկայացրել նաև գործով ներգրավված փաստաբան Փիրուզա Վարդանյանը։ Նա դատարանին հայտնել է, որ սուր շնչառական հիվանդությունների տարածմամբ պայմանավորված ինքն ու իր երեխաները ջերմում են, խնդրել է նիստը հետաձգել։
Նիստը հետաձգելու միջնորդություն ներկայացրեց գործով ներգրավված ևս մեկ փաստաբան։ Նա նշեց, որ դիմել է դատավորի աշխատակազմին էլեկտրոնային կրիչները ստանալու համար, սակայն մինչ այժմ չի ստացել։ Բացի այդ, նշեց, որ 2 օր առաջ աչքերի վիրահատության է ենթարկվել, ծանրաբեռնվածությունը հակացուցված է։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման գործերով վարչության դատախազ Ռուզաննա Խուդավերդյանը առաջին միջնորդության վերաբերյալ դիրքորոշում չհայտնեց, թողեց դատարանի հայեցողությանը։ 2-րդ միջնորդությանն անդրադառնալով՝ դատախազը նշեց, որ արհեստական ձևով նիստերը ձգձգելու միտում է նկատում․ «Եթե փաստաբանը պատշաճ ջանասիրություն դրսևորեր, կարող էր գործընկերների միջոցով ծանոթանալ նյութերին»։
Նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը էլեկտրոնային կրիչների բացակայությամբ պայմանավորված նիստը հետաձգելու մասին ներկայացված միջնորդությունը մերժեց, քանի որ վերջինս նույն պատասխանողի գործով ներգրավված միակ ներկայացուցիչը չէ․ «Ինչ վերաբերում է գործի նյութեր ստանալուն, ապա դրանք պատրաստ են»։
Անդրադառնալով Փիրուզա Վարդանյանի միջնորդությանը՝ դատավորը նշեց, որ սա առաջին անգամը չէ, երբ փաստաբանը նման միջնորդություն է ներկայացնում։
«Հոկտեմբերին դարձյալ երեխայի խնամքի հետ կապված հարցով խնդրել էր դատական նիստը հետաձգել, միջնորդությունը բավարարվել էր։ Այնպիսի տպավորություն կա, որ միջնորդությունն ուղղված է գործի քննությունը ձգձգելուն, դատական նիստը հետաձգելուն։ Գործի քննության շարունակականությունը չի կարող առկախվել անձի՝ երեխաների խնամքի ապահովման կարողանալու կամ չկարողանալու պայմանով։ Սա դատարանին էլ է անհարմար վիճակի մեջ դնում։ Աշխատանքային պարտականությունները կատարելը շատ կարևոր է, վերջին անգամ է դատարանը նման հիմքով միջնորդություն բավարարում»,-նշեց Կարապետ Բադալյանը։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 13-ին։