Ապօրինի ծառահատում կատարած և էկոպարեկների մեքենան ձորը գցած վարորդները ձերբակալվել են

Հունվարի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում Էկոպարեկային ծառայության աշխատակիցներ Ա.Ղարաքեշիշյանը և Ֆ.Կոստանդյանը հերթական գործուղումից վերադառնալու ճանապարհին Տավուշի մարզի Իջևան-Վազաշեն խաչմերուկի հարակից տարածքում նկատել են դաշտամիջյան ճանապարհից դուրս եկող փայտանյութով բեռնված առանց համարանիշերի «ԳԱԶ-66» և «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաներ, որից հետո բարձված փայտանյութի օրինականությունը ստուգելու նպատակով փորձել են կանգնեցնել մեքենաները:

Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Վերոնշյալ մեքենաների վարորդներն ընդդիմացել են, չեն կանգնել, ապա «ՈՒԱԶ»- մակնիշի մեքենայի վարորդը դիտավորությամբ հարվածել է
էկոպարեկային ծառայության «Նիսան Պատրուլ» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին, ինչի հետևանքով մեքենան դուրս է եկել ճանապարհային երթևեկելի գոտուց, գլորվել և ընկել է ձորը: «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեսնելով ստեղծված իրավիճակը, առանց օգնություն ցուցաբերելու դիմել է փախուստի, իսկ «ԳԱԶ-66»-ի վարորդը ,մեքենան թողնելով դեպքի վայրում, նույնպես դիմել է փախուստի: Բարեբախտաբար «Նիսան պատրուլ» մակնիշի մեքենայի վարորդը վնասվածքներ չի ստացել:

Էկոպարեկային ծառայության աշխատակիցների կանչով դեպքի վայր է ժամանել ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ խումբը:
Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է փայտանյութով բեռնված և փախուստի դիմած «ՈՒԱԶ» և «ԳԱԶ-66»մակնիշի մեքենաների վարորդների ինքնությունը: «ՈՒԱԶ»-ի 23-ամյա և «ԳԱԶ-66»-ի 59-ամյա վարորդները հայտնաբերվել, ձերբակալվել և մեքենաներով հանդերձ տեղափոխվել են Իջևանի բաժին, որտեղ 23-ամյա երիտասարդը հայտնել է, որ փայտանյութը ապօրինի հատել է Բերդ համայնքի անտառտնտեսության տարածքից:
Նաև հայտնել է, որ ինքն է «ՈՒԱԶ»-ով հարվածել և «Նիսան Պատրուլը» գցել ձորը: Իսկ 59-ամյա տղամարդը հայտնել է, որ Վազաշեն բնակավայրի անտառից ապօրինի հատել է երկու կանգուն ծառ: «ՈՒԱԶ»-ը և «ԳԱԶ-66»-ը տեղափոխվել են բաժնի հատուկ պահպանվող տարածք:

23-ամյա և 59-ամյա վազաշենցի տղամարդիկ ձերբակալվել և ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել