Կհստակեցվեն զորակոչի, վարժական հավաքների շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայր ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագիծը, որի համաձայն հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների և զինվորական վարժանքների կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները՝ փաստաթղթային կամ օրենքով սահմանված անհատական կամ հրապարակային, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը:

Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի հիմնավորման համաձայն՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա կամ վարժական հավաքների կամ զինվորական վարժանքների կանչվող քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու վերաբերյալ ծանուցումների իրականացումը՝ փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, սակայն հստակեցված չեն դրանց պատշաճ տրման ձևաչափերը, ինչպես նաև նախատեսված չէ հրամապարակային ծանուցման միջոցով քաղաքացուն տեղեկացումը:

Այդ կապակցությամբ գործնականում քիչ չեն դեպքերը, երբ պատշաճ ծանուցումների չապահովման արդյունքում քաղաքացիները խուսափում են համապատասխան միջոցառումներին ներկայանալուց, իսկ դրա արդյունքում հնարավոր չի լինում լուծել նրանց համապատասխան պատասխանատվության հարցերը:

Խնդիրը քննարկվել է նաև Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի 2023թ. նոյեմբերի 10-ի նիստում, որի շրջանակներում հանձնարարվել է օրենսդրական լուծում տալ պաշտպանության ոլորտի ծանուցումների իրավական գործընթացին: Այդ նպատակով, անհրաժեշտություն է առաջացել հստակ սահմանել քաղաքացիներին տրվող ծանուցումների եղանակները՝ փաստաթղթային կամ օրենքով սահմանված անհատական կամ հրապարակային, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը:

Կհստակեցվի, որ քաղաքացուն պատշաճ ծանուցում է համարվում փաստաթղթային կամ օրենքով սահմանված անհատական կամ հրապարակային եղանակով տրված ծանուցումը:

Քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք են համարվում`
1) ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում՝ ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը.

2) փոստային պատվիրված նամակով ծանուցման դեպքում` պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթուղթը.

3) անհատական ծանուցման դեպքում` «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման ծանուցման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը.

4) հրապարակային ծանուցման դեպքում` օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված ծանուցումը տեղադրելու քաղվածքը, որի դեպքում քաղաքացին 5-րդ օրը համարվում է ծանուցված։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել