Թմրամիջոցների դեմ պայքարի նոր ռազմավարութուն ենք մշակում, որում ընդգրկված կլինեն նաև դպրոցները և բուհական համակարգը։ Այս մասին 2023 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
«Նախատեսում ենք այս տարի վերազինել մեր տեսալուսանկահարահանող էլեկտրոնային համակարգ ՊՈԱԿ-ը։ Նախատեսել ենք դպրոցներում և մերձակա տարածքներում տեղադրել տեսախցիկներ, որը խթան կհանդիսանա թմրամիջոցների դեմ պայքարում»,- տեղեկացրեց նախարարը՝ հավելելով, որ ՀՀ դպրոցներում հնարավոր է թմրամիջոցների օգտագործման թեստավորումներ անցկացվեն։
Վահե Ղազարյանը մեկնաբանել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի ավտոշարասյան հետ կապված միջադեպը։
«Պարեկն ավելորդ բան թույլ չի տվել, շատ կուլտուրական մոտեցել և զգուշացրել է Սամվել Շահրամանյանին, որ ավտոշարասյունով երթևեկելու իրավունք չկա»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ շարասյունով երթևեկելու իրավունք ունեն այն պաշտոնական անձինք, որոնց կառավարության որոշումով նախատեսված է ավտոշարասյուն ունենալ:
Լրագրողի այն դիտարկմանը, որ պարեկը անպատշաճ վերաբերմունք է ցույց տվել՝ Վահե Ղազարյանը պատասխանեց, որ առաջին անգամ է նման բան լսում, և խնդրեց ուսումնասիրել դեպքն ավելի մանրամասն և զեկուցել։