Ատեստավորումը չանցած ուսուցիչները բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով վերանայել իրենց նկատմամբ կայացված որոշումը եւ վերականգնել աշխատանքի:
Նամակում մասնավորապես ասվում է.
«Հարգելի՛ պարոն վարչապետ
Ձեզ ենք դիմում միջին մասնագիտական կրթություն և երկար տարիների մանկավարժական փորձ ու վաստակ ունեցող ուսուցիչների անունից, որոնք կանգնած են աշխատանքից հեռացման շեմին կամ արդեն ազատվել են աշխատանքից: Մենք չենք կարողացել աշխատելու հետ մեկտեղ ապահովել մեզ ներկայացված պահանջները, որովհետև ուսուցչի չնչին աշխատավարձը թույլ չի տվել վճարել վարձավճարները, որոնք միշտ եղել են շատերիս համար անհասանելի և անիրատեսական: Ուրախ ենք, որ մեր պետությունը վերջապես պատրաստվում է աջակցել մեզ այդ հարցում և պետական մոտեցում ցուցաբերել գործող ուսուցիչներին: Սակայն մեր շարքերում կան բազմաթիվ պատկառելի տարիքի ուսուցիչներ, որոնք աշխատանքի են ընդունվել այդ օրենքի ընդունումից առաջ, երբ բարձրագույն կրթություն ունենալը պարտադիր պահանջ չէր:
Նրանք այդ բազմամյա մանկավարժական գործունեության ընթացքում շարունակ զբաղվել են ինքնակրթությամբ, որին գումարվել է նաև բազմամյա մանկավարժական փորձն ու հմտությունները և նրանց գործունեությունը կարելի է ասել հավասար է մի քանի բուհի վկայականի մակարդակի և արժեքի: Ուստի խնդրում ենք, որ այդ պատկառելի տարիքում գտնվող բազմափորձ ուսուցիչներին, որոնց մի քանի տարի է մնացել կենսաթոշակային տարիքի անցնելուն, թույլ տալ շարունակել իրենց գործունեությունը իրենց հաստիքներում, իրենց սիրելի աշակերտների հետ և գնալ վաստակած հանգստի:
Միևնույն ժամանակ խնդրում ենք, որ այն ուսուցիչները, որոնք աշխատանքի են ընդունվել օրենքի ընդունումից հետո, ընձեռել բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն, որից համոզված եմ կօգտվենք շատերս:
Սակայն այս ամենն այդպես էլ կմնա թղթի վրա, եթե չպահպանվեն ստանձնած հաստիքները, որոնք հենց կդառնան մեզ համար և՛ մոտիվացիա, և՛ միջոց այդ ճանապարհին: Դա հնարավորութոյւն կընձեռի նաև պահպանել աշխատատեղերը:
Թույլ տվեք նշել նաև, որ կրթության նախարարի վերջին առաջարկից հետո, այն է՝ տեղավորվել դպրոցներում առկա այլ հաստիքներում, հետաքրքրվեցինք և պարզեցինք, որ գրեթե ոչ մի դպրոցում թափուր չեն նշած հաստիքները (գրադարանավար, օպերատոր, լաբորանտ), որի համար բարձրագույն կրթության պահանջ չկա:
Գաղտնիք չէ, որ, եթե հայտարարվի մրցույթ այն հաստիքների համար, որոնք մենք ենք զբաղեցնում, և նոր մասնագետի հետ կնքվի պայմանագիր՝ անորոշ ժամկետով, մեր հետագա վերականգնումը կդառնա անհնարին: Այդ դեպքում պետության հատկացրած միջոցները՝ ստանալու բարձրագույն կրթություն, կդառնա աննպատակ:
Մենք պատրաստ ենք օգտվել այս հնարավորությունից, բայց խնդրում ենք ապահովել աշխատանքի շարունակականություն այդ ընթացքում: Այդ պարագայում նաև չի խաթարվի ուսուցչի կապը իր սիրելի աշակերտների հետ, որոնք ունեն այդ ուսուցչի կարիքը:
Ցանկանում ենք նշել նաև այն գլխավոր գործոնը, որի հետևանքով նաև հայտնվել ենք այս իրավիճակում. թեստերը, որոնք ներկայացված էին մեզ, ունեին բազմաթիվ թերություններ ու սխալներ, դուրս էին մեզ ներկայացված ուղեցույցի պահանջներից և չէին արտացոլում տվյալ կրթական աստիճանին ներկայացվող պահանջները:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ ԳԹԿ կայքում նախապես ներկայացված ուղեցույցի հիման վրա են բոլոր ուսուցիչները ինքնուրույն պատրաստվել ատեստացիային, այդ ուղղությամբ վերապատրաստումներ չեն ունեցել, միևնույն ժամանակ՝ քննությանը հատկացված ժամանակը եղել է խիստ սահմանափակ և անիրաստեսական: Նշված բոլոր գործոնները պատճառ են հանդիսացել մեր ձախողման, որից հետո մասսայաբար բողոքարկել ենք թեստերի արդյունքները: Բողոքարկման արդյուքները ևս մեզ չեն բավարարել, քանի որ ուղղման ենթական բազմաթիվ հարցեր այդպես էլ չեն ուղղվել:
Այս ամենը հիմք ընդունելով պնդում ենք, որ այդ թեստերը չեն, որ պետք է ստուգեն ուսուցչի մասնագիտական գիտելիքները, դեռ մի բան էլ հիմք ընդունվեն աշխատանքից ազատման համար: Որպես ապացույց կից ներկայացված է նաև շախմատ առարկայի թեստերի չափազանց խնդրահարույց լինելու մասին փաստող թեստերի պատասխանների ձևաթուղթը, որի վրա մեկ վանդակում երևացող մեկից ավելի թվանշանները ուղղումներ են:
Լիահույս ենք, որ մանրամասն կուսումնասիրեք դրանք և հստակ պատկերացում կկազմեք դրանց որակի մասին: Այդ պատկերն էին արտացոլումն նաև մնացյալ առարկաների թեստերը, որոնք էլ մեծ վրդովմունք են առաջացրել ուսուցիչների շրջանում:
Հուսով ենք, որ վերջնական որոշում կայացնելիս հաշվի կառնեք բոլոր ուսուցիչների տարիքային առանձնահատկությունները, կարիքները, արժանիքներն ու վաստակը, և, որավելի կարևոր է՝ նրանց աշակերտների կարիքները:
Հարգելի պարոն Փաշինյան, ներկայացրինք մեր բոլոր գործընկերների արդարացի պահանջը և մտահոգությունը և ակնկալում ենք Ձեր արդարացի որոշումը»: