Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կադաստրի կոմիտե՝ վերջինիս 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:
Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բարեփոխումների և միջոցառումների մասին:
Զեկուցվել է, որ 2023թ. իրականացվել և շարունակվում են ՀՀ օրթոֆոտոհատակագծերով ծածկված համայնքների կադաստրային քարտեզների ճշգրտման, կադաստրային քարտեզներում համայնքների վարչական սահմանների, կադաստրային թաղամասերի տեղադիրքի ուղղման աշխատանքները։ Գործում է առանձին հողամասերի սահմանների ուղղման պարզեցված ընթացակարգ։
Կադաստրային քարտեզների ճշգրտման աշխատանքների արդյունքում էական աջակցություն է ցուցաբերվել քաղաքաշինական և ներդրումային ծրագրերի իրականացմանը, էապես նվազել է վարչարարությունը, բավարարվել քաղաքացիների կողմից ներկայացված դիմում-բողոքները։ Ճշգրտված կադաստրային քարտեզները հանդիսանում են իրավունքների պետական գրանցման հիմք։ Իրականացվել է 344 բնակավայրերի կադաստրային քարտեզների ուղղում, որից 186-ը՝ 2023 թվականի ընթացքում։ Կատարվել է 21 համայնքների և Երևան քաղաքի շուրջ 2400 կմ երկարությամբ վարչական սահմանների ուղղում։ Չնույնականացված մոտ 100,000 գույքային միավորներից 19000-ն ուսումնասիրվել է, որից 9500-ը նույնականացվել և ըստ անհրաժեշտության արտացոլվել է քարտեզում։
Պիլոտային ոլորտային կադաստրի ստեղծման և ներդրման աշխատանքների շրջանակում իրականացվել է Շիրակի մարզում գտնվող ավտոմոբիլային ճանապարհների թվայնացում և ինտեգրում ազգային գեոպորտալին։
Կատարվել է կադաստրային քարտեզների ճշգրտում և համադրում օրթոֆոտոհատակագծերի հետ, միջպետական, հանրապետական և մարզային ճանապարհների հստակեցում և մակնշում, ճանապարհների արտապատկերում ազգային գեոպորտալում։