Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Ըստ աղբյուրի՝ Ջերմուկի խաչմերուկից Սիսիան տանող և Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են բեռնատարների և ավտոբուսների համար, Մ-2 ավտոճանապարհից Խաչիկ գյուղ տանող ավտոճանապարհը դժվարանցանելի է, Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):
Նշվում է, որ Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է,
Սյունիքի մարզում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն, իսկ Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում Ջերմուկ և Գորիս քաղաքներում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։