ՀՀ Արդարադատության նախարարությունը նախագիծ է մշակել՝ ըստ որի, զինծառայողները կապահովվեն ծառայողական բնակարանով կամ ամսական դրամական հատուցում կստանան։
Նշվում է, որ հաշվի առնելով՝ զինծառայողներին զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքներով ապահովելու անհրաժեշտությունը, մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում ճանապարհաշինարարության ակտիվ զարգացումը, մեկ քաղաքից մյուսը տեղափոխվելու համար անհրաժեշտ միջին ժամանակահատվածը, առկա է ծառայողական բնակարանով ապահովվելու կամ ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքից օգտվելու պայմանների վերանայման անհրաժեշտություն:
Iravaban.net-ը փոխանցում է, որ նախագծով առաջարկվում է ծառայողական բնակարանով ապահովվելու կամ ամսական դրամական հատուցում ստանալու իրավունք վերապահել ծառայության վայրի վարչական տարածքից առնվազն 60 կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ նույն հեռավորությամբ մշտական (փաստացի) հաշվառման վայր չունեցող զինծառայողներին:
Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: