Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը հայտարարություն է տվել Հունաստանի հանրային ERT հեռուստաընկերությանը և լրագրող Կատերինա Ֆրիսային՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի ավարտից հետո:
Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:
«Այսօր ես հնարավորություն ունեցա այցելել Հայաստան և հանդիպել վարչապետի, արտաքին գործերի նախարարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։
Միևնույն ժամանակ այցելել եմ Երևանում Հունաստանի դիվանագիտական ներկայացուցչություն։
Հայաստանի հետ Հունաստանը պատմական կապեր ունի, դարերի պատմություն ունեցող կապեր։ Այն մեզ բարեկամ երկիր է։ Հունաստանը, հենց այս հավերժական բարեկամության համատեքստում, միշտ հոգ է տանում՝ Հայաստանին ապահովելու անհրաժեշտ համերաշխությունն ու անվտանգությունը։ Հատկապես այսօր՝ մի ժամանակաշրջանում, երբ Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով տարածքային ամբողջականությունը լուրջ ճնշման տակ է։
Հատկապես կարևոր է թե՛ որպես խորհրդանիշ, թե՛ որպես Հունաստանի անունից լավ ծառայությունների մատուցում Հայաստանին, օգնել մեր բարեկամ և դաշնակից երկրին բոլոր միջազգային հարթակներում․ Եվրամիությունում, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում՝ համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման համար, և այնտեղ, որտեղ պահանջվում է՝ տալ լուծում, որը կլինի արդար և կայուն և կհաստատի տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության մասին ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, ինչպես նաև ցանկացած թշնամական գործողությունից խուսափելու համար։
Հունաստանի կառավարության, հունական պետության համար սկզբունքային է աջակցություն ցուցաբերել ցանկացածին, ով գտնվում է պաշտպանության մեջ ցանկացած տեսակի ագրեսիայից»,- ասված է հայտարարության մեջ: