Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է 2-րդ բանակային կորպուս, որտեղ մեկ օրվա ընթացքում երկու զինծառայողի մահվան դեպքեր են արձանագրվել։ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ԳՇ պետը հանդիպել հրամանատարական կազմի հետ:
«Էդվարդ Ասրյանը, անդրադառնալով զորամիավորմանը ենթակա ստորաբաժանումներում տեղի ունեցած դեպք-պատահարներին, կարգադրել է անել ամեն հնարավորը՝ պատշաճ քննություն անցկացնելու, պատճառները պարզելու, հետագայում նմանօրինակ դեպքերը բացառելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
ԳՇ պետը կարգադրել է մարտական հերթապահության ընթացքում խստագույնս հետևել կանոնադրային հարաբերություններին, պահպանել անվտանգության կանոնները։ Ասրյանը շեշտել է կարգապահության բարձրացմանն ուղղված բոլոր միջոցառումների հետևողականորեն իրականացման կարևորությունը: