ՀՀ կառավարությունն առաջարկում է նոր շահառունների` քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց ավելացում, որ կկարողանան «Հիմնական դեղերի ցանկ»-ում առկա անվճար դեղեր ստանալ։
Iravaban.net-ը փոխանցում է, որ նախագծի ընդունումից հետո նախատեսվում է, որ 2481 ազատազրկված շահառուներ առողջության առաջնային պահպանման օղակի միջոցով կստանան ՀՀ «Հիմնական դեղերի ցանկ»-ում առկա անվճար դեղեր: 2024 թվականի ընթացքում նախատեսվում է տրամադրել շուրջ 39 մլն. ՀՀ դրամ արժողությամբ դեղեր:
2024 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի ավելացում չի նախատեսվում, դեղերի ձեռք բերումը նախատեսվում է իրականացնել 2024 թվականին Առողջապահության նախարարության հատկացված միջոցների հաշվին, քանի որ անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղեր ծրագրով 2022թ-ի համեմատ 2023թ-ին առողջապահության նախարարության հատկացված միջոցները ավելացել են, մասնավորապես` 2022թ-ին հատկացվել էր 1.179.764,5 ՀՀ հազ. դրամ, 2023թ.` 1.675.265,59 ՀՀ հազ. դրամ, 2024թ-ին ֆինանսական միջոցների հատկացումը շարունակաբար տրամադրվում է: Տեղեկացնում եմ, որ ավելացված ֆինանսական միջոցների հաշվարկներում արդեն իսկ նախատեսված են նախագծով առաջարկվող շահառուների համար կատարվելիք ծախսերը:
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից: