Ֆիոլետովո համայնքում մանկապարտեզ կկառուցվի

Կառավարության որոշմամբ Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Լոռու մարզում գտնվող անշարժ կնվիրաբերվի Ֆիոլետովո համայնքին՝ մանկապարտեզ կառուցելու նպատակով։ Ըստ հիմնավորման, Երևանում Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնը հավաստիացրել է, որ հողատարածքի տրամադրման դեպքում կաջակցի վերոգրյալ տարածքում մանկապարտեզի կառուցմանը։

Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախագծի համար հիմք է հանդիսացել նախորդ տարվա ամռանը Լոռու մարզ կատարած այցը, որի ժամանակ Ֆիոլետովո համայնքում քննարկել են մանկապարտեզի հարցը: «Խնդիրներից մեկը կապված է եղել հողամասի հետ: Պարոն վարչապետ, Ձեր հանձնարարությամբ այս ընթացքում աշխատել ենք և դպրոցի սպասարկման համար առկա հողամասից առանձնացրել են հողակտոր, որը ձևավորվել է որպես առանձին գույք: Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում գտնվող այդ հողը նվիրաբերում ենք համայնքին, որ կարողանան հետագայում մանկապարտեզ կառուցել»,-ասել է նախարարը:

Գնել Սանոսյանը տեղեկացրել է նաև, որ մանկապարտեզ կառուցելու համար անհրաժեշտ էր 1000 քառակուսի մետր հողակտոր, մինչդեռ ՀՀ կառավարության որոշմամբ առանձնացվել է 1300 քառակուսի մետր, որպեսզի և՛ մանկապարտեզ կառուցվի, և՛ վերջինս սպասարկման անհրաժեշտ հատված ունենա:

Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը և հիշեցրել, որ Ֆիոլետովո համայնքում ազգային փոքրամասնություն է ապրում: Նիկոլ Փաշինյանը նաև ազգային փոքրամասնությունների համայնքների հետ կապված որոշ մտավախություններ է ներկայացրել. «Մեր խոշորացված համայնքները սուբվենցիոն և ուղիղ ծրագրերով մեծ և տեսանելի տեմպերով զարգանում են: Ազգային փոքրամասնություններ ներկայացնող մեր համայնքները խոշորացման ծրագրերում չընդգրկեցինք՝ նաև նրանց ձայնին անսալով, որպեսզի այլ կոնտեքստներ չստանա: Բայց հիմա այլ կոնտեքստ է ստացվում, քանի որ ակնհայտորեն այդ համայնքներում հնարավոր չի լինում իրականացնել մեծ ծավալի աշխատանքներ: Եվ այդ համայնքներն իրենց զարգացման տեմպերով էականորեն արդեն իսկ զիջում են, երկարաժամկետում ավելի են զիջելու: Սա շատ լուրջ խնդիր է, գնալով ավելի ահագնանալու է»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այդ առումով առկա է լուծման ենթակա խնդիր. «Մենք նախորդ այցերի արդյունքներով որոշում կայացրեցինք, որ ազգային փոքրամասնություն ունեցող բնակչությամբ համայնքների սուբվենցիոն գործակիցներում փոփոխություններ կանենք, այսինքն՝ այն դեպքերում, երբ ծրագիրը ֆինանսավորվում է կառավարության կողմից 50 տոկոսով, ազգային փոքրամասնություն ներկայացնող համայնքներում կհամաֆինանսավորվի որոշակի գործակցով ավելի: Բայց, մեծ հաշվով, ես վստահ չեմ, որ մեր խնդիրը լուծվելու է: Պետք է մտածենք ինչ անել, գուցե ինչ-որ այլ փոփոխություններ անել, որ այդ համայնքները մտնեն խոշորացված համայնքների մեջ, բաց կառավարման առումով վարչական շրջանի ղեկավարի նշանակման հետ կապված սահմանափակումներ լինեն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել