Սիրելի՛ հարազատներ, քիչ առաջ ինձ զանգահարում և հարցնում են, թե «մեռելների զատիկը» ե՞րբ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեր Վարազդատ քահանա Նաջարյանը և ներկայացրել ծանուցում։
«Ի գիտություն շատերին, և հատկապես մարզերի մեր ժողովրդին, որոնց մոտ ավանդույթ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տաղավար-տոն օրերին գնալ գերեզմաններ.
1. Նախ «Զատիկ» Եկեղեցին անվանում է Քրիստոսի Հարությանը, խորհուրդ ունենալով Հին Կտակարանում Իսրայելի ժողովրդի ազատագրումը Եգիպտացիների գերիշխանությունից: «Զատել» բառն է, որ նշանակում է Հինը Նորից զատել, պահքը ուտիքից զատել, այսինքն բաժանել: Սիրելինե՛ր, հունվարի 5-6-ը, ոչ թե «Զատիկն» է կամ «փոքր Զատիկը», այլ Քրիստոսի Ծնունդը և Աստվածահայտնությունը: Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց մեր մեջ: Հունվարի 5-ին Ճրագալույցի պատարագն է, որի ժամանակ ի լուր աշխարհի ազդարարվում է Քրիստոսի Ծնունդը, իսկ հունվար 6-ին Քրիստոսի Մկրտության խորհուրդն է կատարվում և Սուրբ Մյուռոնով օրհնվում է ջուրը և բաժանվում հավատացյալ ժողովրդին:
2. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի 5 տաղավար տոն՝ 1. Քրիստոսի Ծնունդը, 2. Քրիստոսի Հարությունը, 3. Քրիստոսի Պայծառակերպությունը, 4. Աստվածամոր վերափոխումը, 5. Խաչվերացը: Այս մեծագույն տոների հաջորդող օրը Եկեղեցին սահմանել է ննջեցյալների հիշատակության օր: Այսինքն՝ հունվարի 7-ը անփոփոխ «Մեռելոց» է՝ ննջեցյալների հիշատակության օր: Եկեղեցիներում մատուցվում է Պատարագ ննջեցյալների հիշատակության համար և յավարտ պատարագի կատարվում է հոգեհանգստյան արարողություն և աղոթք է բարձրացվում բոլոր ննջեցյալների հոգիների հանգստության համար: Այդ օրը նոր կարող ենք գնալ գերեզմաններ, խունկ ծխել մեր ննջեցյալի հիշատակին, աղոթք բարձրացնել, և առհասարակ ողորմություն տալ նրանց հիշատակին:
3. Այսօր թյուրիմացություն է շատ-շատ տեղերում գերեզմաններ գնալ հենց տոն օրը: Սիրելինե՛ր, քրիստոնյաներիս համար վերոնշյալ բոլոր տաղավար տոները ուրախության տոներ են, որի ժամանակ պետք է ուրախանանք և լինենք Եկեղեցում, մասնակցելով ԽՈՐՀՐԴԻՆ: Իսկ սահմանված կարգով հաջորդ օրը հիշենք մեր ննջեցյալներին:
Խնդրում եմ շա՜տ, ի նկատի ունեցե՛ք այս ԾԱՆՈՒՑՈՒՄԸ:
Սիրով և օրհնությամբ՝ Տեր Վարազդատ քահանա Նաջարյան»։