5 ամիս չկարողացա բացատրել, որ զուգարանում թափանցիկ ապակի պետք չէ դնել․ Նիկոլ Փաշինյան

Իմ մարզային այցերի արդյունքներով պետք է ասեմ, որ ես տեսնում եմ մեր ծրագրերի իրականացման մեջ լրջագույն պրոբլեմներ։ Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մասնավորապես՝ դպրոցում իրականացվող ծրագրերում տեսնում եմ պրոբլեմներ և ուզում եմ այդ պրոբլեմների մի մասը կիսել ձեզ հետ, արձանագրելով՝ գործ ունենք նախագծման խոտանի հետ, իրականացման խոտանի հետ և գույքի որակի հետ կապված խոտանի հետ»,-ասաց նա։

Նա նշեց, որ Լոռու մարզ այցելության ժամանակ, իր բոլոր հարցերին պատասխանել են՝ խնայողություն ենք արել։

«Իսկ ինչո՞ւ վարչապետը պետք է գնա այդ ամենը տեսնի։ Մարզպետները պետք է դրա պատասխանատուն լինեն։ Ես տեղեր կան, երկու, հիմա ստիպված երրորդ անգամ էլ եմ գնալու։ Եթե ես երեք անգամ եմ գնում, դուք 13 անգամ պետք է գնաք։ Այո, պետք է գնաք, կախիչից ձեր վերարկուն կախեք, լվացարանից օգտվեք, նայեք՝ ինչ է կատարվում։ Էլ չեմ խոսում դարպասների մասին, տուկի թելից ցանց են սարքել։ Ես չգիտեմ՝ սրան ի՞նչ բացատրություն տալ, սա լուծման ենթակա հարց է, չենք կարող սենց իրավիճակ հանդուրժել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ինքը տեսնում է, որ կան պրոբլեմներ և իրեն այլևս պետք չեն պրոբլեմների բացատրություններ, իրեն պետք են լուծումներ։

«Խնդրում եմ՝ ինձ որևէ մեկդ չտաք բացատրություն, թե ինչու է էսինչ բանը էսպես։ Կգաք և կասեք՝ էս հարցը լուծված է։ Ինձ կարևոր է, որ հարցը լուծված լինի։ Ինձ այլևս չեն հետաքրքրում բացատրություններ, ինձ պետք են լուծումներ։ Մեզ այլևս պետք չեն պաշտոնյաներ, ովքեր բարձրացնում են հարցեր։ Մեզ պետք են պաշտոնյաներ, ովքեր լուծում են հարցեր»,-ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել