Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ և ծանոթացել Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Կառավարության ղեկավարը ծանոթացել է Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան N 27 և Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցների նոր մարզադահլիճների պայմաններին: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2022թ. հունիսին։ N 27 դպրոցի մարզադահլիճի կառուցման արժեքը կազմել է 83 մլն դրամ, իսկ թիվ 23 դպրոցի մարզադահլիճի համար պետբյուջեից հատկացվել է 251 մլն 802 հազար դրամ:
«Եթե կարճ ամփոփեմ, շատ դժգոհ եմ»,- այցի ավարտին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ պետական մարմինների կողմից պետք է լինի աշխատանքների որակի եւ ձեռք բերվող գույքի չափորոշիչների խիստ վերահսկողություն: Որեւէ թերացում, անավարտ աշխատանք կամ խոտան չի ֆինանսավորվելու պետական բյուջեից։
Վարչապետը Վանաձորում ծաղիկներ է խոնարհել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին նվիրված հուշարձանի մոտ: