Սպանություն Երևանում՝ իրար երկար նայելու հարցի շուրջ առաջացած վեճի արդյունքում․ 20-ամյա երիտասարդ է կալանավորվել

2023թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 23։23-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում «Աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք, պրոֆուզ արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1974թ, ով նույն օրը՝ ժամը 23։50-ին, գիտակցության չգալով, մահացել է։

Այս մասին հայտնում Քննչական կոմիտեից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում  կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են դեպքի վայրը տեսանկարահանող տեսախցիկների տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարված քննչական, վարութային այլ գործողությունների, ինչպես նաև օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքներ, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը վերջինս Երևան քաղաքի 20–ամյա բնակիչ է։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  նույն օրը՝  ժամը 22։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Զավարյան փողոցում չնչին առիթով՝ միմյանց երկար նայելու հարցի շուրջ, 20–ամյա երիտասարդը, եղբոր և մի խումբ այլ անձանց հետ վեճի է բռնվել Երևանի բնակիչ երկու եղբայրների հետ։ Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, որի ընթացքում 20–ամյա երիտասարդը, եղբոր և հիշյալ անձանց հետ, սեփական անձի կարծեցյալ առավելությունն ընդգծելու մղումով, աղմկելով, հայհոյանքներ հնչեցնելով, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և մարդկանց անդորրը, տարածքի բնակիչների մոտ հարուցել վախի և անհանգստության մթնոլորտ։ 

Այնուհետև, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ վերցրած սուր կտրող–ծակող առարկայով նա հարվածել է երկու եղբայրների՝ վիճաբանությանը միջամտած  49–ամյա հոր աջ աճուկային շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք։

Ձեռք բերված փաստերի հիման վրա 20–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155–րդ հոդվածի 1–ին մասով և 297–րդ հոդվածի 3–րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ խուլիգանական արարքներին մասնակցություն ունեցած բոլոր անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։  

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել