Սա զինված հարձակում է ոչ միայն Հայ համայնքի, այլ Երուսաղեմի Հայոց պատրիարքության և Հայկական թաղամասի նկատմամբ` կենսական վտանգ ստեղծելով. Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող տարածքի շուրջ անհանգստացնող զարգացումներին․

«Այսօր ահազանգեր ենք ստացել Երուսաղեմի հայ համայնքից, որ կեսօրին մոտ՝ ժամը 12-ի սահմաններում 30 դիմակավորված և զինված անձինք կազմակերպված ներխուժել են Երուսաղեմի Հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող վայր։

Զինված լինելով էլեկտրահարող սարքերով, մետաղե ձողերով, քարերով՝ հայհոյանքներով ու բղավոցներով կյանքի համար վտանգավոր եղանակով հարձակում են գործել խաղաղ հայ համայնքի և հոգևորականների, այդ թվում՝ եպիսկոպոսների, քահանաների և սարկավագների նկատմամբ։

Հրապարակած տեսանյութերից հստակ երևում է՝ ինչպես են զինված ու դիմակավորված անձինք հարձակվում ու հարվածներ հասցնում հայ համայնքի ներկայացուցիչներին և հայ հոգևորականներին։

Արդյունքում հայ համայնքի ներկայացուցիչների և հոգևորականների առողջությանը պատճառվել է վնաս, այդ թվում` ծանր: Հարձակման ենթարկված Հայ համայնքի 2 ներկայացուցիչ բերման է ենթարկվել և գտնվում է Ոստիկանությունում։ Ոստիկանություն են տարվել հարձակումն իրականացրած զինված խմբի մի շարք անդամներ:

Ըստ ահազանգերի՝ թեև ոստիկանությունը «Կովերի պարտեզ» կոչվող վայրից գտնվում է ընդամենը 100 մետր հեռավորության վրա, ժամանել է 20 րոպե ուշացումով։

Այս հանցավոր արարքը զինված հարձակում է ոչ միայն Հայ համայնքի, այլև Երուսաղեմի Հայոց պատրիարքության և Հայկական թաղամասի նկատմամբ` կենսական վտանգ ստեղծելով:

Մենք նշված հարցերը քննարկել ենք Երուսաղեմի Հայ համայնքի հետ և անմիջական կապի մեջ ենք նրանց հետ՝ իրավիճակի հետ կապված։ Նշված բոլոր տեղեկությունները հաստատել են նաև Հայ համայնքի ներկայացուցիչները»,- գրել է Արման Թաթոյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել