ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան նոր եռանդով շարունակելու է Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը․ Մովսես Արիստակեսյան

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, առաջնորդվելով իր ստեղծման հռչակագրում նշված նպատակներով և առաքելությամբ նախանշված ապագայի պատկերով ու արժեքներով, իրականացրել է հսկայածավալ նպատակային գործունեություն՝ ուղղված Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ կառույցների ձևավորմանը, կոռուպցիայի կանխարգելմանը, հակակոռուպցիոն կրթության զարգացմանը և կոռուպցիայի հակազդմանը:

Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը՝ խոսելով կատարված աշխատանքների և ապագայի անելիքների մասին։

Նա նշեց, որ կառույցի հաշվետվությունը քննարկվեց 2023 թ. դեկտեմբերի 8-ին կայացած կոալիցիայի 8-րդ համաժողովի ժամանակ, որի կողմից ընտրված Կոալիցիայի կառավարման խորհուրդն անմիջապես շարունակեց իր աշխատանքները:

Դրա անդրանիկ նիստում ընտրվեց Կառավարման խորհրդի նախագահը, իսկ ահա արդեն 2023 թ. դեկտեմբերի 26-ին հրավիրվեց հաջորդ՝ 2-րդ նիստը, ինչը նվիրված էր համաժողովի ժամանակ ընդունված որոշումների կենսագործման ուղղությամբ կարևորագույն փաստաթղթղերի նախագծերի քննարկմանը:

«Այսպես,

  1. Հաստատվեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 2024-2028 թթ ռազմավարական պլանը,
  2. 2. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի անդամների միջև աշխատանքների բաժանումը,
  3. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիային կատարվելիք կամավոր նվիրատվությունների ընթացակարգը,
  4. ՀՀ հակակոռուպցիոն, պետական և տեղական ինքնակառավարման, այլ մարմինների հետ կառուցողական համագործակցության ճանապարհային քարտեզը»,-նշեց նա:

Արիստակեսյանի խոսքով՝ կառավարման խորհուրդը, կարևորելով կոալիցիայի անդամ կազմակերպությունների ու ՀՀ այլ շահագրգիռ անձանց կարիքները հակակոռուպցիոն ուսուցման ուղղությամբ, հաստատեց հայտարարության տեքստ 2024 թ. հունվար-փետրվարի ամիսներին նախատեսվող դասընթացի կազմակերպման վերաբերյալ: 

«Կառավարման խորհուրդը հաստատեց նաև Կոալիցիայի անդամ կազմակերպություններին ուղղված ուղերձի տեքստը, որով մասնավորապես կոչ է արվում.

  • նոր եռանդով շարունակել Հայաստանում հակակոռուպցիոն պայքարը,
  • կազմակերպությունների գործողությունները նպատակուղղել Հակակոռուպցիոն կոալիցիայի ամրապնդմանը, հզորացմանը, քաղաքացիական հասրակության մեջ դրա դերի և հեղինակության բարձրացմանը,
  • կազմակերպության առաքելության շրջանակներում, հնարավորությունների ու ներուժի սահմաններում ակտիվ գործունեությամբ նպաստել Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը»,-նշեց նա:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել