Իրանի Իսլամական հանրապետությունն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Իրանը հարևան Հայաստանի հետ ունեցել է պատմական հարաբերություններ, որոնք օրըստօրե զարգանում և խորանում են՝ հասնելով բարձր մակարդակի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման կարծիք հայտնեց ԻԻՀ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ Իրանի կառավարության և խորհրդարանի կողմից հայ ժողովրդին շնորհավորելով գալիք Ամանորի և Քրիստոսի սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ։
«Իմ հայ գործընկերոջ և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցել ենք կարևոր քննարկումներ՝ Թեհրանի ու Երևանի միջև համագործակցության տարբեր ուղղությունների վերաբերյալ։ Անդրադարձել ենք նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությանը և այդ գործընթացում Իրանի դերակատարությանը, որը կարող է կայունության ու խաղաղության երաշխավոր լինել։ Համագործակցության տարբեր հարցերի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք։ Մեծապես կարևորում ենք Կապանում ԻԻՀ հյուպատոսության բացումը, որը բազմաթիվ ծառայություններ է մատուցում՝ խթանելով համագործակցությունը հատկապես տնտեսական ոլորտում։ Հայկական կողմին փոխանցեցի պաշտոնական Թեհրանի համաձայնությունը՝ Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսություն հիմնելու կապակցությամբ։ Հույս ունեմ, որ իմ գործընկերոջ հետ նոր տարվա սկզբին այդ իրադարձության ականատեսը կլինենք՝ մասնակցելով պաշտոնական բացման արարողությանը»,- ասաց ԻԻՀ արտգործնախարարը։
Նրա խոսքով՝ իրանական կողմը բարձր է գնահատում երկկողմ հարաբերությունների զարգացումը, վերջին երկու տարիների ընթացքում համատեղ աշխատանքի արդյունքում, ինչպես նաև Փաշինյան-Ռայիսի հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված կարևոր պայմանավորվածությունները։ Իրանական կողմը գնահատում է փոխգործակցությունը ինչպես պետական կառույցների, խորհրդարանների, այնպես էլ մասնավոր սեկտորների միջև։
«Պետք է նպաստենք այդ համագործակցության զարգացմանը, որպեսզի մեր ժողովուրդները շոշափելի կերպով տեսնեն այդ գործընթացի արդյունքները։ Մենք աջակցում ենք հատկապես Հյուսիս-Հարավ միջանցքի գործարկմանն ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների անխափան շահագործմանը»,- ասաց Իրանի արտաքին գործերի նախարարը։