Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ամփոփում է անցնող տարին։
Նա անդրադարձավ նաև 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքերի հետ կապված շրջանառվող խնդիրներին։
«Ասեմ՝ հետևյալը և շատ կարճ։ Այս մասով նախարարությունը զբաղվել է հենց սկզբից և զբաղվել է դեռևս մինչև այն պահը, երբ հարցերը սկսեցին հնչել հանրային տիրույթում։ Մենք հենց սկզբից՝ հասկանալով, որ բոլոր դասագրքերն առաջին անգամ են մուտք գործում դպրոցներ, հեղինակների հետ պայմանավորվածություն ենք ունեցել, որ պետք է անընդհատ կապի մեջ լինեն և հավաքագրեն այն բոլոր խնդիրները, որ բարձրանում են և մեզ ներկայացնեն անհրաժեշտ լրամշակումների ծավալը որ կա, որոնք պետք է արդեն երկրորդ կիսամյակից արված լինեն»,-նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ 30 նոր դասագիրք է մտել դպրոցներ և բոլորի մասով էլ այդ աշխատանքն արվել է և առաջիկայում լրամշակումները կլինեն։
«Ինչ վերաբերում է 7-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքերին, քանի որ հանրային որոշակի հնչեղություն ստացավ և կային նաև մասնագետներ, որոնք ոչ հանրային, սա պետք է հատուկ ընդգծեմ, որովհետև կային մասնագետներ, որոնք ուղղակի հենց սկզբից դիմել են նախարարություն, եկել են և ներկայացրել են իրենց մասնագիտական դիտարկումները, և ես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ մարդկանց, որովհետև, եթե մարդն ունի ասելիք, ապա մենք միշտ պատրաստ ենք լսել և պարտադիր չի դրա ձևը լինի, անպայման որոշակի ոճը, որն ընտրվել է շատերի կողմից։ Ամեն դեպքում, անկախ ոճից, այն ասելիքը, որ կա պիտի տեղ հասնի ու այդ իմաստով մենք նաև հանդիպում կազամկերպեցինք բոլոր մարդկանց հետ, ովքեր մասնագիտական ասելիք էին հայտնել, հանրային կամ ոչ հանրային։ Ունենք հետևյալ պայմանավորվածությունը՝ հիմա սպասում ենք հեղինակների կողմից ամբողջական անդրադարձին, այսինքն լինելու է մի աղյուսակ, որտեղ լինելու են դասագրքի վերաբերյալ հնչած բոլոր դիտարկումները, հեղինակի արձագանքը դրան և հիմնավորումը՝ ինչու է ընդունել կամ ինչու չի ընդունել, բայց հիմնավորումները պետք է լինեն փաստարկված և մասնագիտական դաշտում»,-նշեց Ժաննա Անդրեասյանը։
Նա ընդգծեց, որ ըստ իրենց պայմանավորվածության՝ այդ ամփոփաթերթը հասանելի կդառնա բոլորին, ովքեր ներկայացրել են դիտարկումներ, որպեսզի իրենք տեսնեն, թե հեղինակն ինչպես է արձագանքել դրան։
«Նախարարությունն այդ ամբողջական փաստաթուղթը կուղարկի երրորդ անկախ կարծիքի, որպեսզի, որպես նախարարություն ունենանք մասնագիտական վերջնական եզրակացություն, արվելիք փոփոխությունների և դրանց նպատակահարմարության մասին։ Սա է պրոցեսը։ Սա շատ բաց քննարկել ենք բոլորի հետ։ Հիմա սպասում ենք ամփոփված դիտարկումներին։ Այստեղ էմոցիաները երբեմն խանգարում են, որպեսզի մենք տեսնենք իրական աշխատանքային պրոցեսը»,-ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսայանը։