Իշխանություններն ընտրությունների շրջանում չխոսեցին «կարմիր գծերի» թանկացման մասին, որովհետեև այդ դեպքում անգամ «Հանրային ձայնը» չէր օգնի նրանց քաղաքապետ ընտրել։ Այս մասին այսօր` դեկտեմբերի 26-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Երևանի նախկին քաղաքապետ, այժմ Երևանի ավագանու անդամ Հայկ Մարությանը։
«Ի՞նչ եղավ 2021թ ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց՝ մոռացան ինքնորոշում բառը, այսօր նաև՝ Արցախ բառը։ Նույն պոպուլիզմը, նույն խաբեությունը նաև հիմա է, նորից ժողովրդին խաբում են՝ ընտրություններից առաջ ոչ մի բառ թանկացումների մասին։ Չնայած, իրենց էլ է հասկանալի, եթե ընտրություններից առաջ այդ մասին խոսեին, ապա քաղաքապետ ընտրելու հարցում իրենց անգամ «Հանրային ձայնը» չէր օգնի»,- նշել է Մարությանը՝ արձանագրելով, որ «Հանրային ձայնը» ոչ միայն քաղաքապետ ընտրելու հարցում է օգնում ՔՊ-ին, այլև՝ հետագայում, այդ թվում՝ «Կարմիր գծերի»՝ 160,000 դրամի չարաբաստիկ օրենքի ընտրության հարցում։
«Վարչական պետերը բուկլետ էին բաժանում, ինձ համար շատ ամոթ է որպես երևանցի։ Ամաչում եմ, որովհետև մենք 2018թ․-ին բոլորս, ժողովրդի հետ միասին, հենց այդ երևույթների դեմ էինք պայքարում։ Հիմա նրանք վերցրել նույնը՝ մեկին մեկ անում են, իրենք ՀՀԿ-ի նույն գործը շարունակողն են»,-ասաց նա։
Նշենք, որ «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով ընտրված Հայկ Մարությանը այսօր առաջին անգամ էր եկել ավագանու նիստին` նոր ավագանու ձևավորումից ի վեր։