Նշենք, որ դյուրավառ, պայթյունավտանգ կամ իր բնույթով վտանգավոր այլ գույքը, եթե դրանք ի պահ հանձնելիս պահատուն պահառուին չի նախազգուշացրել այդ հատկությունների մասին, վերջինս ցանկացած պահի կարող է վնասազերծել կամ ոչնչացնել` առանց հատուցելու պահատուի վնասները: Պահատուն պատասխանատվություն է կրում այդպիսի գույքի պահատվության հետևանքով պահառուին և երրորդ անձանց պատճառված վնասների համար:
Արհեստավարժ պահառուին վտանգավոր հատկություններով գույքն ի պահ հանձնելիս վերոնշյալ կանոնները կիրառվում են միայն այն դեպքում, երբ այդպիսի գույքը պահատվության է հանձնվել ուրիշ անվանման ներքո, և պահառուն այն ընդունելիս չէր կարող արտաքին զննության միջոցով հավաստիանալ դրա վտանգավոր հատկությունների մասին:
Այս դեպքերում հատուցելի պահատվության ժամանակ գույքի պահատվության համար մուծված վճարը չի վերադարձվում, իսկ եթե այն մուծված չի եղել, պահառուն կարող է գանձել ամբողջությամբ: