Ընդդիմությունը կարող է տապալել կայանատեղիների նոր սակագներ սահմանելու նախագիծը

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանը հայտարարել է, որ եթե ընդունվի ավտոկայանատեղիների վճարի դրույքաչափերին առնչվող որոշումը, դրա համար պատասխանատվություն կկրի ոչ միայն իշխանությունը, այլև ընդդիմությունը։

«Երևանի բնակիչները 33 մանդատ տվել են ընդդիմադիր ուժերին, և այսօր ընդդիմությունն ունի բոլոր լծակները՝ տապալելու այս որոշման ընդունումը։ Եւ ընդդիմադիր այն ֆրակցիան կամ ֆրակցիաները, որոնք կսատարեն այս որոշման ընդունմանը, կրելու են նույն պատասխանատվությունը, ինչ դուք եք կրում»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենք չեն սատարի այս որոշմանն ու չեն գրանցվի քվեարկությանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքել է, որ որոշումը վերաբերում է ոչ միայն ավտոկայանատեղիներին, այլև բոլոր վարձավճարներին. «Այո, Դուք ճիշտ եք, հակառակ դեպքում էլ այս տեղական բոլոր վճարների չեղարկման, բյուջեի չհավաքագրման ու ծրագրերի չիրականացման քաղաքական պատասխանատվությունը կընկնի այն մարդկանց վրա, ովքեր այս ամենը կկազմակերպեն»։

Ավագանու՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանն էլ առաջարկել է նախագծից առանձնացնել կայանատեղիների վարձավճարի հարցը և քննարկել առանձին, իսկ մյուս վարձավճարներին առնչվող առաջարկը քվեարկության ներկայացնել ավագանու արտահերթ նիստում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել