Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, տեղի ունեցավ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված հատուկ ծրարի մարման արարողություն:
Այն իրականացրեցին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության արտաքին հարցերով կառավարիչ Վահե Դանիելյանը և «ՀԷՑ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կրթության ռազմավարությամբ բարձրագույն կրթության որակի բարելավումն ու մրցունակության բարձրացումը կարևորագույն թիրախներից են։
«Ամեն կերպ աջակցելու ենք համալսարանի զարգացմանը՝ հատկապես հաշվի առնելով, որ տեխնոլոգիական կլաստերն ակադեմիական քաղաքի շրջանակում նախատեսվող կարևոր ծրագրերից է: Կարծում եմ՝ Պոլիտեխնիկական համալսարանի ներուժն այնտեղ մեծ չափով պետք է օգտագործվի»,-նշեց նախարարը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկաներին շնորհավորեց Պոլիտեխնիկական համալսարանի վերջին շրջանում նշանակալի ձեռքբերումների համար։
«Համալսարանը զարգացման նոր արագություն է ստացել և մենք ամեն անգամ համալսարան այցելելիս տեսնում ենք նոր լաբորատորիաներ, լսարաններ, հիմանորոգված բակեր, տեսնում ենք նոր շունչ ու բովանդակություն։ Վստահ եմ, որ սա միայն սկիզբն է»,-նշեց նա։
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության արտաքին հարցերով կառավարիչ Վահե Դանիելյանն իր խոսքում նշեց, որ անգամ շատ մեծ երազանքները հնարավոր է դառնում, երբ հաստատակամ քայլում են։
«Ինձ համար հատկանշական է, որ այսօր դուք հաջողեցիք ևս մեկ պրոեկտ։ Շատերի համար սա կթվար շինարարական ծրագիր, բայց իրականում, ձեզ մեջբերեմ՝ մեծ գիտություն չի լինում, երբ ուսանողը քայլում է ոչ լավ միջավայրում»,-դիմելով Գոռ Վարդանյանին նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։