Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիﬓադրման 90 ամյակին նվիրված մի շարք միջոցառումների շարքում էր 90 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի բացումը։
Ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության արտաքին հարցերով կառավարիչ Վահե Դանիելյանը և «ՀԷՑ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը:
Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ վարդանյանը հյուրերին ներկայացրեց համալսարանի երկրորդ մասնաշենքի տանիքում տեղադրված արևային ֆոտոէլեկտրական կայանը, որն ունի 90 կՎտ հզորություն։
«Նախագծի պատրաստումից, տանիքները չափագրելուց, տարբեր հաշվարկներ անելուց սկսած իրականացվել է համալսարանի ասպիրանտների, երիտասարդ մասնագետների, ուսանողների և Պոլիտեխնիկի ինժեներական թիմի կողմից։ Մենք բացառապես ձեռք ենք բերել արևային վահանակները և ինվերտորները, իսկ մնացած բոլոր գործընթացներն իրականացվել են համալսարանում։ Պետք է նշեմ նաև, որ Պոլիտեխնիկում գործում է այլընտրանքային էներգետիկայի ոլորտը ներկայացնող մի շարք կարևոր գիտահետազոտական լաբորատորիաներ, գաղափար կա ստեղծել այնպիսի հնարավորություն, որ ապագայում կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ում հենց պոլիտեխնիկում արտադրվում են էլեմենտներ, իսկ էլեմենտների միջոցով արդեն վահանակներ և ամբողջ գործընթացը կարողանանք իրականացնել։ Այդ ամբիցիոզ գաղափարն իրականում ծնվում է շատ փոքրիկ նպատակներից, իսկ փոքրիկ նպատակը 90 կՎտ արևային կայանից առաջ մենք կառուցել էինք 30 կՎտ, հիմա կառուցեցինք 90, հաջորդը լինելու է 150 կՎտ և մինչև ուսումնական տարվա ավարտը՝ 736 կՎտ հզորությամբ և ամբողջը կծասկի էլեկտրաէներգիայի մեր սպառման ծախսը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Գոռ Վարդանյանը։
Ռեկտորի խոսքով՝ կան հեռահար նպատակներ, արդեն իսկ ստեղծվել է «Պոլիտեխնիկ էներգետիկ լուծուﬓեր», որի միջոցով պետք է մասնավոր ոլորտի, անհատների համար մատուցվեն ծառայություններ՝ արևային կայանների նախագծման, տեղադրման, լավագույն տարբերակների մշակման, սմարթ տների, սմարթ տարածքների կահավորման համար։ Այդ ողջ գործընթացն իրականացվելու է համալսարանում, հնարավորություն ստեղծելով նոր ֆինանսների հոսք դեպի համալսարան։