«Բուժական քրեակատարողական հիմնարկ»․ Արդարադատության նախարարությունը նախագիծ է ներկայացրել

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Iravaban.net-ը ներկայացնում է, որ նախագծով նախատեսվում է քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման պատշաճ կազմակերպման համար Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ունենալ առանձին քրեակատարողական հիմնարկ, որտեղ պատիժ կկրեն հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող ազատազրկման դատապարտված անձինք:

Օրենքի նախագիծում նշվում է, որ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող դատապարտյալները տեղափոխվում են  բուժական քրեակատարողական հիմնարկ: Բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալը պահվում է սույն օրենսգրքով և իրավական այլ ակտերով միջին անվտանգային գոտու խիստ պայմանների համար նախատեսված պայմաններում: Բուժական քրեակատարողական հիմնարկում դատապարտյալին պահելու պայմանների առանձնահատկությունները սահմանվում են քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ  նախատեսվում է, որ բուժական քրեակատարողական հիմնարկում պահվելու են այն դատապարտյալները, որոնց առողջական վիճակից ելնելով, բժշկական օգնություն հնարավոր չէ ցուցաբերել քրեակատարողական հիմնարկների բժշկական ստորաբաժանումներում (օրինակ՝ որոշակի վիրահատական միջամտությունների դեպքում):

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պատշաճ կազմակերպել ազատազրկման դատապարտված անձանց բժշկական օգնությունը և սպասարկումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել