ՍԴ-ն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի դրույթներից մեկը ճանաչել է Սահմանադրությանը հակասող

ՍԴ-ն քննել է և հրապարակել է 2023 թվականի մարտի 21-ին դատարան մուտքագրված դիմումի վերաբերյալ որոշումը, որը վերաբերում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի որոշ դրույթներին։

Iravaban.net-ը հայտնում է՝ ՍԴ-ն որոշմամբ փաստել է, որ Ազգային ժողովի որևէ այլ խմբակցություն, այդ թվում՝ ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությունը, մեկ այլ խմբակցությանը վերապահված՝ մշտական հանձնաժողովի նախագահի կամ նրա տեղակալի պաշտոններում թեկնածուներ առաջադրելու լիազորության իրացման իրավասու սուբյեկտ չէ․

«Սահմանադրական դատարանը գտնում է, որ Ազգային ժողովի կանոնակարգի 138-րդ հոդվածի 12-րդ մասով ամրագրված կարգավորումների գործողության պայմաններում խեղաթյուրվում է Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված՝ մշտական հանձնաժողովներում պաշտոնների՝ ըստ խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնության բաշխման Սահմանադրի պահանջը, հետևաբար՝ Կանոնակարգի 138-րդ հոդվածի 12-րդ մասը հակասում է Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասին»։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 12-րդ մասը դատարանը ճանաչել է Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող:

Դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2024 թվականի մայիսի 31-ը՝ հնարավորություն ընձեռելով Ազգային ժողովին՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու ՍԴ-ի այս որոշմանը:

Գործի նախապատմությունը

Դիմողը բարձրացրել է հետևյալ հարցադրումները.

«1. Ո՞րն է Հայաստանի Հանրապետության սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասում՝ «Մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները խմբակցությունների միջև բաշխվում են խմբակցությունում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ» նորմերի սահմանադրաիրավական բովանդակությունը, արդյո՞ք հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովում որևէ այլ պաշտոնը (ներառյալ՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը) ներառվում է խմբակցությանը հասանելիք տեղերի թվաքանակի մեջ:

2. Արդյո՞ք Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոն(ներ)ում թեկնածուներ առաջադրելու և այդ պաշտոն(ներ)ում ընտրությունների անցկացման՝ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, ինչպես նաև 138-րդ հոդվածով սահմանված ընթացակարգերը ոչ իրավաչափ կերպով չեն սահմանափակում Ազգային ժողովի քաղաքական փոքրամասնության, առավելապես ընդդիմադիր խմբակցության իրավունքները: Այսինքն՝

Ազգային ժողովի քաղաքական փոքրամասնությունը կազմող խմբակցությունը (հիմնականում ընդդիմադիր խմբակցությունը) լրացուցիչ կախվածության մեջ է ընկնում կառավարող խմբակցությունից սահմանադրի կողմից իրեն վերապահված իրավունքն իրացնելիս»:

Դիմողի դիտարկմամբ՝ Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված կարգավորումից բխում է, որ քաղաքական մեծամասնությունը և քաղաքական փոքրամասնությունը պահպանում են նույն հարաբերակցությունն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կազմում, ինչպիսի հարաբերակցություն առկա է Ազգային ժողովի խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի դեպքում:

Ըստ դիմողի՝ դա նաև նշանակում է, որ մշտական հանձնաժողովի կազմում խմբակցության ներկայացուցիչների թիվը չի կարող փոփոխվել՝ կախված այն հանգամանքից, թե խմբակցության ներկայացուցիչը հանդիսանում է տվյալ հանձնաժողովի նախագահ, տեղակալ, թե՞ պարզապես անդամ: Եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղը վերապահվում է կոնկրետ խմբակցությանը, ապա այդ պաշտոնը հաշվառվում է հանձնաժողովում տվյալ խմբակցությանը հասանելիք տեղերի թվում:

Այսպիսով, դիմողը խնդրել է որոշել Կանոնակարգի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 138-րդ հոդվածի, ինչպես նաև այդ դրույթների հետ համակարգային առումով փոխկապակցված նշված ակտի այլ դրույթների՝ Սահմանադրության 4-րդ հոդվածին, 5-րդ հոդվածի 1-ին մասին, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 88-րդ հոդվածի 4-րդ մասին և 106-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխանության հարցը։

Պատասխանողի դիրքորոշումը

Ազգային ժողովը սակայն, մեջբերելով Սահմանադրության, ինչպես նաև Կանոնակարգի համապատասխան դրույթները, մասնավորապես, նշել է. «(…) օրենսդրի կողմից հստակ տարբերակվել են Ազգային ժողովի մարմիններում նշանակումները և ընտրությունները: Ի տարբերություն մշտական հանձնաժողովի անդամի տեղում նշանակման դեպքի, մշտական հանձնաժողովի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների պաշտոններում ընտրվելու դեպքում պատգամավորն այդ պաշտոնները կարող է ստանձնել Ազգային ժողովի կամահայտնության արդյունքում, այլ ոչ թե սոսկ այն խմբակցության կամահայտնության արդյունքում, որի կազմում նա ընդգրկված է:

«Մշտական հանձնաժողովի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների պաշտոններում Ազգային ժողովի կողմից ընտրվելու և ոչ թե մեկ խմբակցության կողմից նշանակվելու կառուցակարգի ամրագրումը, թերևս, պայմա- նավորված է դրանց գործառույթներով, մասնավորապես, այն հանգամանքով, որ մշտական հանձնաժողովի նախագահը, Ազգային ժողովի նախագահը և նրա տեղակալները այդ կարգավիճակում գործելիս ներկայացնում են (համակարգում են) ոչ միայն այն խմբակցությունը և իրենց խմբակցության պատգամավորներին, այլ նաև այլ խմբակցություններում ընդգրկված պատգամավորներին, իսկ որոշ դեպքերում նաև ամբողջ Ազգային ժողովը»,-նշում է պատասխանը:

Անդրադառնալով դիմողի բարձրացրած՝ «պաշտոնները բաշխվում են» սահմանադրական և Կանոնակարգով նախատեսված՝ «թեկնածու առաջադրելու իրավունք» օրենսդրական ձևակերպումների հարաբերակցության հարցին՝ պատասխանողը նշել է. «(…) երկու նախադասություններից յուրաքանչյուրն ունի ինքնավար բովանդակություն (թեև երկու դեպքում էլ պետք է հաշվի առնվի խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությունը)։

(…) Վիճարկվող դրույթը կիրառելով «թեկնածու առաջադրելու իրավունք» տերմինը հստակեցնում է ընթացակարգը, որի կիրառմամբ ապահովվում է բաշխման պահանջը։ «Տեղերը բաշխվում են» կամ «Պաշտոնները բաշխվում են» տերմինները ինքնին չի նշանակում այդ պաշտոնների նշանակվել կամ ընտրվել, դրանց իրացումը տեղի է ունենում որոշակի ընթացակարգով»:

Միաժամանակ, պատասխանողը գտնել է, որ դիմողն օրենքի համապատասխան նորմերի սահմանադրականությունը վիճարկում է ոչ թե նորմերի և Սահմանադրության միջև ենթադրյալ հակասության, այլ այդ նորմերով սահմանված ընթացակարգերի կիրառման արդյունքում դիմողի համար ենթադրյալ ոչ ցանկալի հետևանքների առաջացման համատեքստում:

Պատասխանողը խնդրել է սույն գործով ընդունել որոշում՝ վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին:

ՍԴ-ի դիրքորոշումները

ՍԴ-ն իր դիրքորոշման մեջ նշել է, որ խորհրդարանական մեծամասնության և փոքրամասնության (ընդդիմության) միջև քաղաքական հավասարակշռության ապահովման համար առանցքային է խորհրդարանական ընդդիմության լիազորությունների երաշխավորումը խորհրդարանական կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ խորհրդարանի մարմիններում:

Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ Ազգային ժողովի խմբակցությունները պարտավոր են գիտակցել, որ այն իշխանությունը, որի իրականացման լիազորություններով օժտված են, ուղղված է ժողովրդի կամահայտնության արդյունքում ձևավորված Ազգային ժողովի սահմանադրաիրավական առաքելությունը կյանքի կոչելուն։

Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները խմբակցությունների միջև բաշխվում են խմբակցությունում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ։

«Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրության հիշյալ նորմերն ուղղված են Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում խորհրդարանական ուժերի՝ ժողովրդից ստացած քվեին համաչափ ներկայացվածության ապահովմանը, ինչով պայմանավորված է դրանից բխող համամասնությունը պահպանելու հրամայականը: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում համապատասխան պաշտոնները բաշխելիս Սահմանադրության վերոնշյալ նորմերով ամրագրված՝ խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությունից ցանկացած շեղում կձևախեղի ժողովրդի՝ Ազգային ժողովի ընտրությամբ արտահայտված կամահայտնության արդյունքը, Ազգային ժողովի՝ Սահմանադրության 88-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված՝ ժողովրդի ներկայացուցչական մարմնի բնույթը:

Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ Սահմանադիրն ամրագրել է հրամայական պահանջ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում պետք է ապահովվի խորհրդարանական ուժերի համամասն ներկայացվածությունը՝ Ազգային ժողովի խմբակցությունների միջև մշտական հանձնաժողովների անդամների տեղերի, մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոնների համամասն բաշխման միջոցով։ Սահմանադրի կողմից նախանշված՝ մշտական հանձնաժողովների ձևավորմանն ու գործունեությանն առնչվող կարգավորումների համատեքստում սահմանադրական հրամայականն է՝ մշտական հանձնաժողովներում տեղերը պետք է բաշխվեն ըստ խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնության, հետևաբար՝ մշտական հանձնաժողովների ձևավորմանն առնչվող օրենսդրական կարգավորումները պետք է ուղղված լինեն նշված սահմանադրաիրավական պահանջի գործնական ապահովմանը և պետք է մեկնաբանվեն ու կիրառվեն բացառապես վերջինիս էությանը և նպատակին համահունչ»,-նշվում է որոշման մեջ։

ՍԴ-ն գտել է նաև, որ օրենսդրի կողմից Կանոնակարգում ամրագրված՝ մշտական հանձնաժողովի անդամի տեղը, մշտական հանձնաժողովի նախագահի և նրա տեղակալի պաշտոններն զբաղեցնելու կարգերի տարբերակումը համահունչ է Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված ըստ պատգամավորների թվի համամասնության բաշխման պահանջին։

Որոշման մեջ ընդգծվում է, որ Ազգային ժողովի խմբակցությունը չի կարող հրաժարվել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում իր համամասն ներկայացվածությունը (մշտական հանձնաժողովի նախագահի, նրա տեղակալի պաշտոնների մասով) ապահովելու սահմանադրի կամքը կենսագործելուց՝ իրականացնելով իր համապատասխան օրենսդրական լիազորություն- ներն այնպես, որ վերջիններիս հաղորդվի բացարձակ հայեցողական բնույթ:

«Սահմանադրական դատարանը գտնում է, որ Ազգային ժողովի խմբակցությունների՝ Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պահանջի կենսագործումն ապահովելուն ուղղված համապատասխան օրենսդրական լիազորություններն ունեն պարտադիր բնույթ. խմբակցությունները պարտավոր են ձեռնարկել Սահմանադրի վերոնշյալ պահանջի կենսագործումն ապահովելուն ուղղված անհրաժեշտ քայլեր։

Վերոշարադրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Կանոնակարգի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը համահունչ է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների պաշտոնների՝ Սահմա- նադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված՝ ըստ խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնության բաշխման սկզբունքին այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի և նրա տեղակալի իրեն վերապահված պաշտոններում թեկնածուներ առաջադրելն իրավասու խմբակցության ոչ թե բացարձակ հայեցողական, այլ պարտադիր լիազորությունն է»,-նշում է դատարանը:

Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել