Կառավարությունը հաստատել է Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները:
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ատեստավորման գործընթացը կարգավորվում էր 2001 թ. ՀՀ կառավարության որոշմամբ, որը բավականին հնացած էր և լիարժեքորեն չէր համապատասխանում ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ոլորտի աշխատակիցներից պետության ակնկալիքներին, ինչպես նաև չէր սահմանում կատարողականի նվազագույն քանակական չափանիշներ: Ըստ այդմ՝ հաստատվում է գիտական պաշտոնների տարակարգերը, դրանից յուրաքանչյուրի համար նվազագույն պահանջները, որոնք համապատասխանում են գիտության միջազգայնացման քաղաքականությանը: «Ինչպես գիտեք, էապես ավելացել է գիտության ոլորտի ֆինանսավորումը, և առաջնահերթ խնդիր է նաև դրա որակի և արդյունավետության մասին մտածելը։ Ֆինանսավորման ավելացման կարևոր ուղղություն էր գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացումը, որը մեկնարկել է 2022 թ. հունվարի 1-ից, և դրա արդյունքում արդեն իսկ էական բարձրացում է գրանցվել՝ միջինում 174 տոկոսով 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ։ Ընդ որում, վարձատրության բարձրացումը իրականացվում է ատեստավորման գործընթացի արդյունքում, որի նպատակն է գնահատել գիտական աշխատողի մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նրա ստացած գիտական արդյունքները, ինչպես նաև պարզել գիտական աշխատողի մասնագիտական որակի համապատասխանությունն իր զբաղեցրած պաշտոնին »,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ արդյունավետության պահանջներից բացի, կարգով նկարագրվում են նաև տարակարգի համար պաշտոնեական պարտականությունները՝ այդպիսով նաև սահմանելով ակնկալիքների այն շրջանակը, որը պետությունը և հասարակությունը կարող է ունենալ գիտական պաշտոնների յուրաքանչյուր տարակարգից: Նա նշել է, որ գիտական աշխատողների արդյունավետության նոր պայմանների հաստատումը հիմք է դառնալու 2024 թ. համապետական ատեստավորման ծրագրի իրականացման հաստատման համար։ «Ամբողջական ատեստավորումը այս մեխանիզմով կիրականացվի 2026 թ.-ին, որովհետև նախորդ ատեստավորումը 2021 թվականին է եղել, և հնգամյա շրջափուլը կավարտվի այդ ժամկետում։ Եվ դա արդեն կհանդիսանա հիմք արդյունավետության բարձր պահանջներին համապատասխանող գիտական աշխատողների տարակարգման և արդեն իսկ այդ ֆինանսավորման վերանայման համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը հայտնել է նաև, որ սահմանվել են նաև պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողների պաշտոններ, որոնց կարող են հավակնել տարիքային կենսաթոշակի իրավունք ստացած և այդ պաշտոններին համապատասխանող աշխատողներն՝ իրենց կամքով։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման գործընթացին և հրապարակել գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացման սանդղակները, որոնք նախատեսված են և՛ 2024, և՛ 2025 թվականների համար՝ դրանք համեմատելով 2018 թվականի ցուցանիշների հետ. «Մասնավորապես, լաբորանտ ճարտարագետների աշխատավարձերը 2024 թվականի հունվարի 1-ից արդեն 2018 թվականի համեմատ կբարձրանան 78 տոկոսով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ին այդ բարձրացումն արդեն կկազմի 105 տոկոս։ Ավագ լաբորանտի և ավագ ճարտարագետի աշխատավարձը 2024 թվականի հունվարի 1-ից կբարձրանա 105 տոկոսով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից՝ 135 տոկոսով։ Կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը 2024 թվականի հունվարի 1-ից՝ 115 տոկոսով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից՝ 145 տոկոսով։ Գիտաշխատողի աշխատավարձը 2024 թվականի հունվարի 1-ից՝ 154 տոկոսով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից՝ 205 տոկոսով։ Ավագ գիտաշխատողի աշխատավարձը 2024 թվականի հունվարի 1-ից կբարձրանա 203 տոկոսով, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 246 տոկոսով։ Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2024 թվականի հունվարի 1-ից կբարձրանա 267 տոկոսով, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 288 տոկոսով։ Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը 2024 թվականի հունվարի 1-ից կբարձրանա 262 տոկոսով, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 300 տոկոսով։ Գիտական խմբի ղեկավարի աշխատավարձը 2024 թվականի հունվարի 1-ից կբարձրանա 171 տոկոսով, 2025 թվականի հունվարի 1-ից՝ 217 տոկոսով։ Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը 2024 թվականի հունվարի 1-ից կբարձրանա 218 տոկոսով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից՝ 238 տոկոսով։ Նորից հիշեցնեմ` տոկոսները պետք է համեմատել 2018 թվականի հետ։ Իրականում դրույքները փոխվել են 2022 թվականի հունվարի 1-ից, որովհետև մենք 2018-ից 2021 թվականները քննարկումների մեջ էինք, թե ինչ մեխանիզմ է պետք ներդնել, և ահա արդեն այդ մեխանիզմը գործում է, և մենք գրաֆիկով առաջ ենք շարժվում»։
Վարչապետն այդ համատեքստում անդրադարձել է պատշաճ որակավորում ունեցող կենսաթոշակային տարիքի անձանց գործընթացների մեջ պահելու անհրաժեշտությանը և նշել, դրան պետք է միտված լինի ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը: «Երեկ քննարկում էինք Հայաստանի Հանրապետության ժողովրդագրության ռազմավարությունը: Մեր ռազմավարությունները պետք է միտված լինեն պատշաճ որակավորում ունեցող կենսաթոշակային տարիքի անձանց գործընթացների մեջ պահելուն։ Օրինակ՝ տարիքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող գիտնականները կարող են և՛ թոշակավորվել, և՛ համապատասխան ստանդարտներով շարունակել իրենց գիտական գործունեությունը, ինչը, կարծում եմ, չափազանց կարևոր որոշում է։ Ժողովրդավարության ռազմավարության առումով քննարկում էինք, որ ոչ թե մարդու տարիքը պետք է լինի ուղենիշը, այլ նրա աշխատունակությունը և որակավորումը։ Սա շատ կարևոր հանգամանք է, և ունենք երկու գործնական խնդիր։ Առաջինը, որ իսկապես նրանք, ովքեր որակավորմանը չեն համապատասխանում, կազմակերպությունները, այսպես ասած՝ «գերի» չընկնեն այդ կադրերի ձեռքում և երկրորդը՝ եթե համապատասխանում է որակավորման և աշխատունակության անհրաժեշտ չափանիշներին՝ մարդը թող աշխատի, դա լավ է և՛ իրեն, և՛ ընտանիքին, և՛ երկրին, և՛ բոլորին»,-շեշտել է վարչապետը և հավելել, որ այս գաղափարը նորամուծություն է, որի ներդրելու ուղղությամբ աշխատանքներ կտարվեն։