Հայաստանի կառավարությունն ամեն ինչ արել է, որ Լեռնային Ղարաբաղը չհայաթափվի, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի 90-91 թվականների առաջնորդները ոչ թե ասում էին, որ մեզ անկախություն է պետք, որ պետություն ունենանք, այլ անկախ պետություն է պետք ԼՂ հարցը լուծելու համար։ Այստեղ է ամենակարևոր խնդիրը»,- ասել է նա։
Փաշինյանը նշել է, թե կային մարդիկ, ովքեր Արցախի հայաթափմամբ էին պատկերացնում ԼՂ հարցի լուծումը։
«Հիմա ընդդիմության խոսնակները հայտարարում են, որ առանց ԼՂ-ի ՀՀ գոյությունը իմաստ չունի, քանի որ Հայաստանի պետականությունը ստեղծվել էր ԼՂ հարցը լուծելու համար։ Այսինքն եթե ԼՂ հարցը լուծվեր, ապա ի՞նչ պիտի լիներ ՀՀ ճակատագիրը այդ հարցի լուծումից հետո։
Այն մարդիկ, որոնք պլանավորեցին ու իրականացրեցին ԼՂ հայաթափումը համարում են, որ դրանով լուծվեց ԼՂ հարցը ու պետք է լուծվի նաև Հայաստանի հարցը։ Հայաստանում պետք է հաստատվի դրածո իշխանություն, որը կասի, որ ՀՀ գոյությունն անիմաստ է»,- նշել է Փաշինյանը։