Հայաստանի ավտոճանապարհներին հենակետեր կտեղակայվեն

ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի ունեցավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որն անց էր կացնում ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Հաղորդագրությունում նշված է․

«Խորհրդակցությանն առցանց ձևաչափով մասնակցում էին տարածքային ստորաբաժանումերի ղեկավարները, ովքեր զեկուցեցին ընթացիկ իրավիճակի և սեզոնային առանձնահատկություններով պայմանավորված՝ կատարված աշխատանքների վերաբերյալ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ եղանակային կտրուկ փոփոխություններով պայմանավորված հանրապետության ավտոճանապարհների առավել դժվարանցանելի հատվածներում տարիներ շարունակ գրանցվում են մի շարք արտակարգ դեպքեր՝ արգելափակումներ, խցանումներ, պատահարներ, ՓԾ տնօրենը հանձնարարեց բոլոր մարզերում, ըստ անհրաժեշտության, նախանշված վայրերում ծավալել ժամանակավոր առաջնային օգնության հենակետեր՝ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և քաղաքացիներին հրատապ օգնություն ցուցաբերելու նպատակով։

Ծառայության տնօրենը միաժամանակ կարգադրեց վերոնշյալ աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար սերտ համագործակցել և ակտիվ աշխատանքներ իրականացնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների, մարզպետարանների, ճանապարհների շահագործման և շինարարական ընկերությունների հետ։

Սյունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի, Շիրակի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների պետերը ՓԾ տնօրենին զեկուցեցին, որ մարդկանց ժամանակավոր տեղակայման, ցուրտ եղանակին ջերմությամբ և տաք սննդով ապահովելու միջոցներով հագեցած առաջնային օգնության ժամանակավոր հենակետերը պատրաստ են անմիջապես ծավալվելու և անհրաժեշտության դեպքում շուրջօրյա հերթապահություն իրականացնելու:

Փրկարար ծառայության տնօրենը մարզային փրկարարական վարչությունների պետերին կարգադրեց անցնել ուժեղացված ծառայության․ անհրաժեշտության դեպքում բացի նախանշված հատվածներից ավելացնել նոր շարժական հենակետեր, զինել ամենագնացներով և կրկնապատկել արձագանքող ուժերը՝ ավտոճանապարհների անցանելիությունն ապահովելու, բնակչությանն առավել օպերատիվորեն աջակցելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով՝ կարևորելով մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայությունը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել