Առաջիկայում ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություններ կկատարվեն և կառավարության նիստով կամրագրվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին 50 000 դրամ աջակցության ստացումն ապահովել մինչև 2024 թվականի հունվարի վերջ: Այս մասին դեկտեմբերի 19-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսին տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։
«Այս փոփոխությունը կատարվում է այն հայրենակիցների համար, ովքեր դեռ չեն ստացել 100 000 դրամ միանվագ աջակցությունը և 50 000 դրամ աջակցության համար դիմելու խնդիր ունեն։ Այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ կան որոշակի պոտենցիալ շահառուներ, որոնք կարող են դիմել, նրանք հնարավորություն կստանան առաջիկայում կրկին դիմելու և այդ հնարավորությունը կպահպանվի մինչև հունվարի 31-ը»,-ասել է Ժամկոչյանը:
Փոխնախարարի խոսքով՝ բոլոր այն դեպքերում, երբ անձինք որոշակի ժամանակով բացակայել են Հայաստանի Հանրապետությունից և վերադառնալուց հետո դիմել են աջակցությունից օգտվելու համար, ապա գործող կարգավորմամբ կդիտարկվի նախորդ ամսվա բացակա օրերի քանակը՝ սկսած նոյեմբերից, և եթե դրանք 10 օրից պակաս կլինեն՝ նրանք աջակցությունը կստանան նաև նախորդող ամիսների համար։