ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Յուտակա Աոկիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, շնորհավորելով դեսպան Աոկիին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ճապոնիայի հետ գործընկերային կապերի զարգացմանը: Նա համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը:
«Երկուստեք արձանագրվել է, որ առկա է երկկողմ համագործակցության չիրացված զգալի ներուժ, ինչի կապակցությամբ կողմերը պատրաստակամություն են հայտնել առավելագույն ջանքեր գործադրել, մասնավորապես, առևտրատնտեսական և գործարար կապերի, զբոսաշրջության, կրթության և գիտության, մշակութային փոխանակումների և այլ ոլորտներում առկա փոխգործակցության զարգացման ուղղությամբ։ Կարևորվել է նաև փոխադարձ բարձրաստիճան այցերի կազմակերպումը, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի ակտիվացումը»,- ասվում է հայտարարության մեջ։
Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ վերջին զարգացումները։ Այդ համատեքստում նախարարի տեղակալը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը:
Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նաև իր երախտիքն է հայտնել դեսպան Աոկիին՝ Ճապոնիայի կառավարության՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հումանիտար կարիքների բավարարման նպատակով հատկացված աջակցության համար: