Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղում այսօր` դեկտեմբերի 18-ին, բացվել է նորավոճ էլեկտրոնային գրադարան և Ադդիտիվ տեխնոլոգիաների լաբորատորիա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։
«Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ մասնակցել ենք գրադարանի և լաբորատորիայի բացման արարողությանը:
Գրադարանի դիզայն նախագիծը, ճարտարագիտական լուծումները և ծրագրային ապահովումը մշակվել է մասնաճյուղում։ Այցելուները գրադարանից կօգտվեն պլաստիկ էլեկտրոնային քարտերով, որը հնարավորություն է ընձեռնում պատվիրած գրքի վերաբերյալ SMS հաղորդագրություն միջոցով տեղեկանալ գրքի ստացման և վերադարձման ժամկետի մասին։ Էլեկտրոնային գրքերի պատվիրման դեպքում այցելուն ստանում է QR կոդ, որի միջոցով գիրքը ավտոմատ ներբեռնվում է վերջինիս հեռախոսի կամ այլ թվային սարքի մեջ։ Համակարգը կատարում է ծրագրային վերլուծություններ գրադարանի աշխատանքի վերաբերյալ։ Գրադարանի ընթերցասրահը հարմարեցված է նաև քննարկումների, բանավեճերի անցկացման համար։
Նորաբաց Ադդիտիվ տեխնոլոգիաների լաբորատորիան համալրված է պրոֆեսիոնալ աշխատանքի համար նախատեսված երկու տպող գլխիկներով եռաչափ տպիչով ու սկաներով և այլ գործիքներով, որը հնարավորություն է տալիս իրականացնել ցանկացած բարդության դետալի եռաչափ մոդելավորում՝ ծրագրային միջավայրում, ինչպես նաև անմիջական նախատիպի սկանավորման միջոցով։ Տպիչը ապահովում է տարբեր հատկություններով, այդ թվում նաև ջրալույծ պլաստմասաների համադրությամբ պատրաստված դետալների ստացում՝ մինչև 0,05 մմ ճշտությամբ։
Նման ծրագրերի շարնակաբար իրագործմամբ Շիրակի մարզում ապահովելու ենք մրցունակ տեխնոլոգիական կրթություն»,- գրել է նա:


