ՊՆ–ում ստորագրել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության 2024 թ–ի ծրագրերը

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում այսօր` դեկտեմբերի 18-ին, տեղի են ունեցել հայ-հունական և հայ-կիպրական երկկողմ, ինչպես նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Խորհրդակցությունների արդյունքում կողմերը ստորագրել են Հայաստան-Հունաստան, Հայաստան-Կիպրոս և Հայաստան-Հունաստան-Կիպրոս ռազմական համագործակցության 2024 թվականի ծրագրերը, որոնք ներառում են մի քանի տասնյակ միջոցառումներ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ խորհրդակցություններին հունական կողմից մասնակցել են Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի միջազգային հարաբերությունների վարչության պետ, բրիգադի գեներալ Վասիլեոս Յամիսի, իսկ կիպրական կողմից՝ Կիպրոսի ազգային գվարդիայի գլխավոր շտաբի միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Ալկիվիադիս Ալկիվիադիսի գլխավորած պատվիրակությունները։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Կիպրոսի Հանրապետություն և Հունաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցերի արդյունքները, երկկողմ և եռակողմ համագործակցության ընթացքը,նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր։

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը գործընկերներին է ներկայացրել ՀՀ ԶՈւ բարեփոխումների ընթացքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել