Ավազակություն է կատարել և բռնի ուժով սեռական հարաբերություն ունեցել տուժած անձի հետ․ խարդախությամբ հափշտակել է 5 000 դրամ

Մ․ Մ․-ին  մեղադրանք է առաջադրվել  ավազակություն կատարելու համար։ Վերջինս մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված առարկայի գործարդմամբ կատարել է հափշտակություն։

Գործը դատարան ստացվել է 2023 թ․-ի հոկտեմբերի 30-ին։ Այն մակագրվել է դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։

Նա մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված առարկայի գործադրմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ՝ հանցագործությունից տուժած անձի կամքին հակառակ, բռնություն գործադրելու սպառնալիքով վերջինիս հետ ունեցել է սեռական հարաբերություն:

Iravaban.net-ը փոխանցում է, որ բացի այդ, Մ․ Մ․-ն կատարել է խարդախություն’ խաբեության եղանակով հափշտակություն:

Վերջինս  2023 թվականի սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաշինջաղյան 3 հասցեի մոտակայքում մոտեցել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայով տաքսի ծառայություններ մատուցող Ա․ Ս․-ին և խնդրել է իրեն տեղափոխել Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի, իսկ այնտեղից՝ Երևան քաղաքի Լենինգրադյան 50 հասցեում գտնվող հեռախոսների վերանորոգման կետ: Այնուհետև, Մ․ Մ․-ն  Ա․ Ս․-ին խնդրել է 50.000 ՀՀ դրամի դիմաց իրեն տեղափոխել Նոյեմբերյան և այնտեղից վերադառնալ Երևան: Իջևան քաղաք չհասած Մ․ Մ․-ն  Ա․ Ս․-ից  պարտքով վերցրել է 5000 ՀՀ դրամ, այնուհետև հասնելով Բագրատաշենի տարածք Մ․ Մ․-ն  իր բնական կարիքները հոգալու պատրվակով դուրս է եկել վերը նշված մեքենայից և չի վերադարձել՝ այդ կերպ Ա․ Ս․-ից  հափշտակելով 5000 ՀՀ:

Նշենք, որ նախնական դատալսումները կսկսվեն 2023թ․-ի դեկտեմբերի 27-ին՝ ժամը 15։30-ին։

Ծանուցում․ Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել