Պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորություններն անցնելու, անօրինական միգրացիա կազմակերպելու, կաշառքի և կեղծ փաստաթղթեր օգտագործելու դեպքեր են բացահայտվել

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողները, համագործակցելով քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ինչպես նաև իրականացված ծառայողական քննությամբ պարզել են, որ անձնագրային և վիզաների վարչության համապատասխան անձնագրային բաժանմունքի ծառայողները օտարերկրյա շուրջ 223 քաղաքացու հատկացրել են հանրային ծառայությունների վերաբերյալ տեղեկանք, այն դեպքում, երբ նրանց՝ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով գտնվելու ժամկետը լրացած է եղել:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Միաժամանակ, պարզվել է, որ ՀՀ-ում անօրինական հիմքերով գտնվող ութ օտարերկրացի համապատասխան անձնագրային բաժանմունքի ծառայողներին որպես կաշառք փոխանցելու համար 35 հազարից 50 հազար դրամ են տվել մի քաղաքացու, որը անձնագրային բաժանմունքից ստացել և նշված քաղաքացիներին է փոխանցել հանրային ծառայությունների վերաբերյալ տեղեկանքներ, ինչպես նաև անձնագրային բաժանմունք է ներկայացրել դրանք ստանալու վերաբերյալ կեղծ ստորագրությամբ դիմումներ:

Պարզվել է նաև, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն 2022-2023 թթ. ընթացքում, շահույթ ստանալու նպատակով, օտարերկրյա 50 քաղաքացու ՀՀ մուտքի արտոնագիր տրամադրելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչություն է ներկայացրել կեղծ տվյալներով հրավերքներ, այնուհետև կազմակերպել է նշված անձանց անօրինական միգրացիան:

Ծառայողական քննությամբ ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել