Կալանավորված անձը կոտրել է խցի գույքը, ինքնավնասում կատարել և մարմնական վնասվածքներ հասցրել քրեակատարողական 4 ծառայողի

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձը վնասել է խցի գույքն ու կատարել ինքնավնասում։ Այս մասին Iravaban.net-ին հայտնեց Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։

«Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողն ահազանգել է այն մասին, որ կալանավորված անձ Կ․Փ․-ն գտնվում է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում՝ դրսևորելով ագրեսիվ պահվածք և հայհոյանքներ հնչեցնելով հիմնարկի աշխատակիցների հասցեին։ Ահազանգից անմիջապես հետո նշված խուց է ուղարկվել քրեակատարողական ծառայողներից կազմված խումբ։

Ծառայողները նկատել են, որ Կ․Փ․-ն կոտրել է խցի ապակիները, վնասել հատակն ու պատերը, պոկել է ջեռուցման մարտկոցներն ու խողովակները, կոտրել սանհանգույցի լվացարանն իր խողովակներով և զուգարանակոնքը, ինչպես նաև կատարել է ինքնավնասում՝ կոտրված ապակու կտորներով հարվածներ հասցնելով իր մարմնի տարբեր մասերին։

Ծառայողներին հաջողվել է վնասազերծել Կ․Փ․-ին, ինչի ընթացքում չորս քրեակատարողական ծառայող ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այնուհետև Կ․Փ․-ին ցուցաբերվել է առաջնային բուժօգնություն հիմարկի բուժքրոջ կողմից, որից հետո վերջինս հիմնարկ հրավիրված շտապօգնության մեքենայով տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։ Վնասվածքներ ստացած քրեակատարողական ծառայողները ևս տեղափոխվել են հիվանդանոց։

Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո կալանավորված անձ Կ․Փ․-ն և քրեակատարողական ծառայողները վերադարձել են հիմնարկ։

Դեպքի առթիվ նախապատրաստվել են նյութեր և ուղարկվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել