Նոր օրենք է ներկայացվել՝ բնակչության պետական ռեգիստրի մասին․ ինչ նպատակ այն ունի

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքը, որը կկարգավորի դրա բովանդակությունը, իրավական նշանակությունը, հասանելիությունը, տվյալների կենսաշրջանը (արխիվացման և/կամ ոչնչացման քաղաքականություն, պահպանման քաղաքականություն և ժամկետներ և այլն) և այլ հարաբերություններ: Իրավական հիմք ստեղծել Բնակչության պետական ռեգիտրում քաղաքացու կյանքում կատարվող իրադարձությունների գրանցման համար, ներառյալ՝ դրա օրինական իրավունքի ապահովումը:

Iravaban.net-ը հայտնում է, որ օրենքի նախագծի համաձայն՝ այն կկարգավորի է բնակչության ռեգիստրի տվյալների կազմը և բնակչության ռեգիստրի վարման կարգը, բնակչության ռեգիստրում բնակության վայրի մասին տվյալների մուտքագրումը, անձի հանրային ծառայությունների համարանիշի տրամադրումը, տվյալների մշակումը, տվյալների հասանելիության ապահովումը և նշված գործառույթների նկատմամբ վերահսկողության իրականացումը:

Ըստ օրենքի նախագծի՝ բնակչության ռեգիստրի վարման նպատակը հավաստի տեղեկատվության հավաքագրումն է և բնակչության ռեգիստրում մշակվող անձնական տվյալներին հասանելիության տրամադրումը՝

  • պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ այդ մարմիններին կամ անձանց օրենքով վերապահված հանրային պարտականությունների իրականացման համար (այսուհետ՝ հանրային պարտականություններ),
  • բնակչության ռեգիստրում Հայաստանի Հանրապետության բնակչության վերաբերյալ տվյալների հաշվառման վարման համար,
  • Նորմատիվ ակտերի համաձայն բնակչության ռեգիստրի տվյալները բազմակի օգտագործման օրինական իրավունք ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձանց հասանելիության տրամադրման համար։

«Բնակչության ռեգիստրը պետական տեղեկատվական համակարգին պատկանող տվյալների շտեմարան է։

Բնակչության ռեգիստրի տվյալների շտեմարանը վարում է լիազոր մարմինը:

Բնակչության ռեգիստրի տվյալների շտեմարանը վարելը չի ենթադրում առանց տվյալները տնօրինողի համաձայնության դրանց մեջ որևէ փոփոխություն, լրացում կամ այլ բնույթի նշումներ կատարելը:

Տվյալները տնօրինող է համարվում տվյալ ոլորտում տվյալը գրանցող պետական մարմինը: Տվյալները տնօրինողը իրավունք ունի գրանցել, փոփոխել, լրացնել համապատասխան տվյալները և կատարել դրանց առնչությամբ անհրաժեշտ այլ նշումներ, ինչպես նաև մուտքագրել համապատասխան տվյալները բնակչության ռեգիստրի տվյալների շտեմարան:

Պետական մասնակցությամբ իրավաբանական անձը նշանակվում է բնակչության ռեգիստրի օպերատոր` սույն օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է բնակչության ռեգիստրի տվյալների շտեմարանի վարման անվտանգության պահանջները։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել բնակչության ռեգիստրի վարման և տվյալների մշակման լրացուցիչ պահանջներ և պայմաններ»,-կսահմանվի օրենքով։

Նոր օրենքով կսահմանվեն նաև բնակչության ռեգիստրի տվյալների (այսուհետ՝ բնակչության ռեգիստրի) սուբյեկտները, որոնք են`

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացին,
  • օտարերկրացին, ում տրվել է Հայաստանի Հանրապետությունում որևէ կացության կարգավիճակ, աշխատելու կամ որևէ հիմքով բնակվելու իրավունք,
  • Հայաստանի Հանրապետությունում որևէ կացության կարգավիճակ չունեցող օտարերկրացին, ով օրենքով կամ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով ստանում է հանրային ծառայությունների համարանիշ ստանալու իրավունք,
  • անձը վեց ամիս ժամկետով սկսած այն պահից, երբ դադարել է լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ սխալի կամ օրենքի խախտումով ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարելուց հետո կամ ում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթն անվավեր է ճանաչվել։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել