Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է․
«Լրատվական կայքերից մեկն անդրադարձել է «Սիլ Ինշուրանս» ընկերությունից Ներքին գործերի նախարարության կատարած գնմանը՝ գրելով «հերթական ոչ մրցակցային՝ հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով կնքված պայմանագրի» մասին։
ՀՀ ՆԳՆ կարիքների համար 2023 թ. նոյեմբերի 13-ին գնանշման հարցման միջոցով ՀՀ ՆԳՆ ԳՀԾՁԲ-2023-ԱՊՊԱ/Ա-82 ծածկագրով 21 միավոր «Միցուբիշի L200» մակնիշի տրանսպոտային միջոցների ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ծառայությունների ձեռք բերման գնման ընթացակարգ է հայտարարվել։ Հայտերի բացման վերջնաժամկետ է սահմանվել 2023 թ. նոյեմբերի 21-ը: Ընթացակարգին հայտ է ներկայացրել միայն «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն։ Նրա կողմից ներկայացված գնային առաջարկը գերազանցել է նախահաշվային գինը, ինչի հետևանքով ընթացակարգը համարվել է չկայացած։
Ջրային պարեկային ծառայության մեկնարկի հանգամանքով պայմանավորված, հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետը, այն է՝ արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և, արտակարգ կամ չնախատեսված այլ իրավիճակից ելնելով, գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է՝ պայմանով, որ նման պահանջը հնարավոր չէր օբյեկտիվորեն կանխատեսել:
2023 թ. նոյեմբերի 28-ին ՀՀ ՆԳՆ ՀՄԱԾՁԲ-2023-ԱՊՊԱ/Ա-83 ծածկագրով կրկին ընթացակարգ է հայտարարվել հրատապ մեկ անձ գնման ձևով մրցութային ընթացակարգով (խոսքը վերաբերում է բաց մրցութային ընթացակարգին), որի հայտերի բացման վերջնաժամկետ է սահմանվել 2023 թ. դեկտմբերի 1-ը։ Ընթացակարգին հայտ է ներկայացրել դարձյալ միայն «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն, որի հետ էլ 2023 թ. դեկտեմբերի 13-ին կնքվել է պայմանագիր։
Հավելենք նաև, որ ՀՀ ներքին գործերի նախարարությունն իր կարիքների համար ապահովագրական ծառայությունների ձեռք բերման ընթացակարգերը հայտարարում է բացառապես մրցութային ընթացակարգով։
Զանգվածային լրատվության միջոցներին հորդորում ենք ներկայացնել ճշգրտված և ամբողջական տեղեկատվություն, զերծ մնալ ընթերցողին թյուրիմացության մեջ գցելու փորձերից, իսկ թյուրըմբռնումներից զերծ մնալու համար դիմել ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումներ»: