Վերջապես, միլիոնավոր դոլարների հարցեր ու մարդկանց ճակատագրեր որոշողը հաստատ պետք է արժանապատիվ վարձատրություն ունենա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։
«Ոմանց ավելի հետաքրքիր կլիներ մեր արած լավ գործերի փոխարեն լսել դատական համակարգի թերացումների մասին: Տարիներ շարունակ կոռուպցիոն երևույթների, ուշացումների և անարդարությունների բախված մեր հայրենակիցները թերահավատորեն են ընկալում իմ կողմից ներկայացվող դրական արդյունքները:
Մարդիկ արդարացիորեն ուզում են այդ արդյունքը զգալ, երբ դատարանի հետ որևէ առնչություն են ունենում: Եվ կզգան: Շատ շուտով: Մի բան, որ քանդվել է տարիներով, չի կարող նորոգվել ամիսների ընթացքում: Վերջին մեկ տարվա ընթացքում այնքան բան է արվել, որ մարդիկ դրա արդյունքները կվայելեն արդեն նոր տարվա առաջին իսկ ամիսներից:
Որպես այս շարքի վերջաբան` ահա ևս մի քանի շատ կարևոր արդյունք:
Արդյունք #6. Ավելի քան 250 դատավորի աշխատավարձ էապես բարձրացվել է։ Նախ, արդեն մեծագույն արդյունք է, որ դատավորների առնվազն 80 տոկոսի համար շատ կարևոր է աշխատավարձի չափը, որովհետև նրանք իրապես աշխատավարձով են ապրում: Հաջորդը, դատավորը չի կարող քննիչից ու դատախազից քիչ վարձատրվել կամ մասնավոր հատվածում աշխատող արհեստավարժ իրավաբանից մի քանի անգամ ավելի պակաս աշխատավարձ ստանալ: Վերջապես, միլիոնավոր դոլարների հարցեր ու մարդկանց ճակատագրեր որոշողը հաստատ պետք է արժանապատիվ վարձատրություն ունենա:
Արդյունք #7. Դատարանները մասամբ ազատվեցին արբիտրաժային տրիբունալների վճիռների կատարման համար կատարողական թերթեր տալու պարտականությունից։ Այսինքն, տարեկան շուրջ 13.000 նման գործ այլևս անտեղի չի շեղի դատավորներին ձեր գործերի քննությունից:
Արդյունք #8. Դատավորներին հնարավորություն տրվեց միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով ձեռք բերել գործի քննության համար անհրաժեշտ տեղեկություններ։ Եթե, օրինակ, դատավորին անհրաժեշտ էր տեղեկություն ձեռք բերել ոստիկանությունից, ՔԿԱԳ-ից, ՊԵԿ-ից և մի շարք այլ պետական մարմիններից, ապա տվյալների ձեռքբերումը տևում էր ամիսներ, մինչդեռ ներկայումս րոպեական գործողությամբ գործը առաջ է շարժվում:
Արդյունք #9. Վարչական և քաղաքացիական դատավարությունում ընդլայնվեցին գրավոր ընթացակարգերի կիրառման շրջանակները։ Մինչ այս փոփոխությունը դատարանները յուրաքանչուր գործով իրականացնում էին մի շարք դատավարական գործողություններ/դատական նիստերի անցկացում, դատական ծանուցումների ապահովում և այլն/: Գրավոր ընթացակարգերի ավելացումը դարձավ ժամանակի ու ռեսուրսների ևս մի էական խնայողություն:
Արդյունք #10. Ներդրվել է մակագրման նոր համակարգ, որի շնորհիվ դատավորների ծանրաբեռնվածությունը կբաշխվի հավասարաչափ: Դատավորները տարիներ շարունակ դժգոհել են, որ աշխատանքային անհավասար պայմաններում են գործում, իսկ հանրության մեջ կային կասկածներ, թե գործերի մակագրման գործընթացում կարող են լինել միջամտություններ: Նոր համակարգը կարգավորում է երկու խնդիրներն էլ:
Կարող էի առնվազն ևս մեկ տասնյակ դրական արդյունքների մասին պատմել, բայց հաջորդիվ կանդրադառնամ արդեն մեր համակարգի չլուծված խնդիրներին:
Մինչ այդ ևս մեկ անգամ պետք է ընդգծեմ, որ բոլոր թվարկված ձեռքբերումները հնարավոր դարձան բացառապես Հայաստանի կառավարության մեծագույն աջակցության և կոնկրետ գործողությունների շնորհիվ»,-մանրամասնել է ԲԴԽ նախագահը։