Ոչ միայն ձգձգումների, այլև շատ նուրբ և խորքային կոռուպցիոն ռիսկերի դեմ քայլ էր երկարատև թափուր պահվող հաստիքների և տարիներ շարունակ դատարկ մնացած ռեզերվային ցուցակների համալրումը․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ Կարեն Անդրեասյանը։
«Դատավորների պաշտոնները այդքան երկար թափուր պահելը կարող էր հնարավորություն տալ դատական իշխանության ամեն նոր ղեկավարությանն իր հայեցողությամբ և անձնական շահերից ելնելով համալրել դրանք: Տեսականորեն այդ կարևոր պաշտոնները կարող էին արհեստականորեն թափուր պահվել` ապագայում «շահեկանորեն» համալրելու նպատակով: Առաջիկա մի քանի տարիների համար այդ ռիսկերն այլևս չեզոքացված են:
Դեռևս 2022 թվականին թափուր էր շուրջ 40 դատավորի պաշտոն: Ընդամենը 315 դատավորի հաստիքի և սարսափելի գերբեռնվածության պարագայում դա ահռելի թիվ է: Ավելին` գրեթե բոլոր մասնագիտացումներով դատավորների ռեզերվային ցուցակները լրիվ դատարկ էին: Քանի որ մեկ դատավորի նշանակումը լավագույն դեպքում տևում էր մեկ տարի, իսկ մարդիկ բոլոր դատարաններում արդեն տարիներով սպասում էին իրենց գործերի հանգուցալուծմանը` անհրաժեշտ էին հրատապ և ռադիկալ քայլեր:
Հրատապ կարգով ներդրվեց դատավորների ընտրության նոր հատուկ կարգը։ Այս ընթացակարգի համաձայն՝ դատավորների թեկնածուները 6-8 ամիս տևող վերապատրաստման փոխարեն անցնում էին Բարձրագույն դատական խորհրդում շատ բարդացված քննակարգերով: Նրանք գրավոր և բանավոր փուլերի հաղթահարումից հետո կարողացան շատ կարճ ժամանակում անցնել իրենց պարտականությունների կատարմանը։
Այս և այլ օպերատիվ լուծումների արդյունքում այժմ գրեթե ամբողջությամբ համալրված է դատական իշխանությունը, և բոլոր մասնագիտացումներով արդեն ըտրվել, վերապատրաստվել և իրենց նշանակման հերթին են սպասում մի քանի տասնյակ պրոֆեսիոնալ և ազնիվ մասնագետներ, որոնք ընդգրկված են դատավորների ռեզերվային ցուցակներում:
Մեծագույն աջակցության համար շնորհակալ ենք Կառավարությանը, Ազգային ժողովին, Արդարադատության նախարարությանը, Դատական դեպարտամենտին»,-նշել է նա։